Հոկտեմբերին եվրագոտում սպառողական գներն աճել են 4%-ով՝ տարեկան արտահայտությամբ։ Սա 2023 թվականի սեպտեմբերից ի վեր գնաճի ամենաբարձր ցուցանիշն է։
Սեպտեմբերին գնաճը կազմել էր 3.8%։
Վերջնական տվյալները համընկել են ինչպես նախնական գնահատականի, այնպես էլ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսման հետ։
Հոկտեմբերին եվրագոտում էներգակիրների գները տարեկան կտրվածքով աճել են 21%-ով՝ սեպտեմբերի 19%-ի համեմատ։ Սա 2022 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր աճի տեմպն է։ Գների բարձրացումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին։
Ծառայությունների գների աճն արագացել է՝ նախորդ ամսվա 3.2%-ից հասնելով 3.3%-ի։ Սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գներն աճել են 1.5%-ով՝ սեպտեմբերի 1.3%-ի համեմատ, իսկ արդյունաբերական ապրանքներինը՝ 1.2%-ով՝ նախորդ ամսվա 1.1%-ի դիմաց։
Հիմնական գնաճը (սպառողական գների աճն առանց սննդամթերքի և էներգակիրների գների հաշվառման՝ CPI Core ինդեքսը) հոկտեմբերին տարեկան արտահայտությամբ արագացել է՝ սեպտեմբերի 2.5%-ից հասնելով 2.6%-ի։
Ամսական կտրվածքով եվրագոտում սպառողական գներն աճել են 0.5%-ով՝ նախորդ ամսվա 0.6% աճից հետո։
Նոյեմբերին եվրագոտում գնաճի դինամիկայի վերաբերյալ նախնական տվյալները կհրապարակվեն դեկտեմբերի 1-ին։