Nvidia-ն երրորդ ֆինանսական եռամսյակում կրկնապատկել է զուտ շահույթը

Ամերիկյան գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia Corp.-ն 2026 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում ավելի քան կրկնապատկել է ինչպես զուտ շահույթը, այնպես էլ հասույթը։ Ընդ որում՝ հասույթը հերթական անգամ ռեկորդային մակարդակի է հասել։

Ինչպես նշվում է Nvidia-ի մամուլի հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 25-ին ավարտված եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 65.3 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2.7 դոլար։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 31.9 մլրդ դոլար և 1.3 դոլար։

Միանվագ գործոնների ազդեցությունը չհաշված՝ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով աճել է մինչև 2.68 դոլար՝ նախորդ տարվա 1.27 դոլարի համեմատ։ Ընկերության եռամսյակային հասույթն ավելացել է՝ 57 մլրդ դոլարից հասնելով 115.8 մլրդ դոլարի։

FactSet-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները Nvidia-ի ճշգրտված շահույթը միջինում կանխատեսում էին մեկ բաժնետոմսի հաշվով 2.48 դոլարի, իսկ հասույթը՝ 108.9 մլրդ դոլարի մակարդակում։

Տվյալների կենտրոնների ստորաբաժանման հասույթն աճել է 2.1 անգամ՝ հասնելով 107.6 մլրդ դոլարի, մինչդեռ շուկայի կանխատեսումը 101.9 մլրդ դոլար էր։ Edge Computing ստորաբաժանման հասույթն աճել է 42%-ով՝ կազմելով 8.2 մլրդ դոլար՝ կանխատեսված 7.46 մլրդ դոլարի դիմաց։

Ընկերության կանխատեսմամբ՝ չորրորդ ֆինանսական եռամսյակում հասույթը կկազմի 130 մլրդ դոլար՝ հնարավոր 3% շեղմամբ։ Շուկայի միջին կանխատեսումը 125.1 մլրդ դոլար է։

Nvidia-ի ժամանակավոր գործադիր տնօրեն Քոլեթ Քրեսը հեռուստակոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ ընկերությունը 2028 ֆինանսական տարվա հասույթի աճի կանխատեսումը բարձրացրել է 70%-ից մինչև 75%։

Nvidia-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ Հարվի Ջոնսը ներդրողներին հայտնել է, որ ընկերությունը չի դիտարկում Ջենսեն Հուանգի՝ գործադիր տնօրենի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը։ Նախօրեին Հուանգը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը նման առաջարկ ներկայացնի։

Ջոնսի խոսքով՝ տնօրենների խորհուրդը միաձայն ընդունել է Հուանգի հրաժարականը և ներկայում դիտարկում է ինչպես ընկերության ներսում, այնպես էլ դրսում գտնվող թեկնածուների՝ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու հնարավորությունը։

Երեքշաբթի լրացուցիչ առևտրային նստաշրջանի ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերի գինն աճել է 4.8%-ով։ Ընթացիկ տարվա սկզբից, սակայն, դրանց արժեքը նվազել է 16.6%-ով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment