Վեց տարուց ավելի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»․ ինչո՞ւ Հայաստանը դեռ չի կարողանում հաղթահարել սահմանափակումը

Հայկական ավիափոխադրողները շարունակում են մնալ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում», իսկ սահմանափակումների վերացման հստակ ժամկետ դեռ սահմանված չէ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Եվրահանձնաժողովը Եվրամիության օդային տարածքում Հայաստանում հավաստագրված բոլոր ավիափոխադրողների թռիչքներն արգելել է 2020 թվականի հունիսին։ Որոշման հիմքում Հայաստանի ավիացիոն անվտանգության պետական վերահսկողության համակարգում հայտնաբերված թերություններն էին։

Արգելքի սահմանումից ավելի քան վեց տարի անց Հայաստանը դեռ չի կարողացել դուրս գալ այդ ցանկից։ Թեև տարբեր պաշտոնյաները պարբերաբար հայտարարել են արձանագրված թերությունների մեծ մասի վերացման մասին և նշել սահմանափակումների հնարավոր վերացման ժամկետներ, Եվրահանձնաժողովը շարունակել է արձանագրել չլուծված խնդիրներ։

Factor.am-ն ուսումնասիրել է, թե ինչ պատճառներով են հայկական ավիափոխադրողները հայտնվել ԵՄ «սև ցուցակում», ինչ աշխատանքներ են իրականացվել սահմանափակումները վերացնելու ուղղությամբ, որքանով են դրանք արդյունավետ եղել և ինչ խնդիրներ են մնում չլուծված։

Ի՞նչ է փոխվել 2026 թվականին

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԱԿ-ից հայտնել են, որ 2026 թվականի ընթացքում Եվրահանձնաժողովի կամ EASA-ի կողմից Հայաստան նոր գնահատման այց չի իրականացվել։

Մինչդեռ Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 8-ի որոշմամբ նախատեսվում էր երրորդ եռամսյակում քննարկել նոր գնահատման այցի հնարավորությունը՝ պայմանով, որ հայկական կողմը բավարար առաջընթաց գրանցի թերությունների վերացման ուղղությամբ։

ՔԱԿ-ից հայտնել են նաև, որ 2025 թվականի սեպտեմբերյան ստուգմամբ հայտնաբերված թերությունների մի մասն արդեն վերացվել է, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Սակայն կոմիտեն չի հստակեցրել, թե կոնկրետ որ թերություններն են վերացվել, և որոնք դեռ լուծված չեն։

Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի որոշման համաձայն՝ Հայաստանը մարտի 6-ին ներկայացրել էր շտկող գործողությունների նորացված ծրագիր, որի միջոցառումների գերակշիռ մասը եվրոպական կողմն ընդունելի էր համարել։ Միաժամանակ, արձանագրվել էր, որ որոշ հարցեր դեռ լրացուցիչ հստակեցման կարիք ունեն։

Եվրոպական կողմի գնահատմամբ՝ լրացուցիչ աշխատանքներ էին անհրաժեշտ հատկապես ավիափոխադրողների թռիչքային շահագործման վերահսկողության, տեսուչների որակավորման, խախտումների առաջացման պատճառների բացահայտման և շտկող միջոցառումների արդյունավետության ապահովման ուղղություններով։

ՔԱԿ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել թերությունների վերացման ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ Twinning ծրագրի շրջանակում։ Միաժամանակ, բանակցություններ են ընթանում միջազգային այլ գործընկերների հետ՝ լրացուցիչ մասնագետներ ներգրավելու նպատակով։

Կոմիտեից Factor.am-ին հայտնել են, որ բարեփոխումներին նոր թափ հաղորդելու համատեքստում կարելի է առանձնացնել նաև այս տարվա հոկտեմբերի 12-ին կոմիտեի նոր նախագահի նշանակումը։

ՔԱԿ-ը նաև պարզաբանել է, որ 2025 թվականին ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու ակնկալիքը հիմնված էր նախատեսված բարեփոխումների արդյունքների վրա, սակայն սեպտեմբերյան գնահատման ընթացքում նորից արձանագրվել էին լրացուցիչ աշխատանքների և դրանց արդյունավետությունը հաստատելու անհրաժեշտություն։

Կոմիտեն չի նշել, թե երբ կարող է վերացվել հայկական ավիափոխադրողների նկատմամբ գործող արգելքը։

Ինչպե՞ս Հայաստանը հայտնվեց ԵՄ «սև ցուցակում»

Եվրամիության թռիչքային անվտանգության ցանկը (EU Air Safety List), որը հայտնի է նաև որպես ավիացիոն «սև ցուցակ», ներառում է այն ավիափոխադրողներին, որոնց գործունեությունը ԵՄ տարածքում ամբողջությամբ արգելված է կամ սահմանափակված՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

Հայկական ավիափոխադրողները ցանկում հայտնվել են Եվրահանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 2-ի որոշմամբ։

Սակայն խնդիրները բացահայտվել էին դեռևս 2019 թվականին, երբ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA), երրորդ երկրների ավիափոխադրողներին ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու գործընթացի շրջանակում, ստուգումներ էր անցկացրել Հայաստանում։

Եվրահանձնաժողովի 2019 թվականի պաշտոնական որոշման համաձայն՝ հուլիսին եվրոպացի մասնագետներն ուսումնասիրել էին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ), ինչպես նաև հայկական երկու ավիաընկերությունների՝ «Տարոն-Ավիա»-ի (Taron Avia LLC) և «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ»-ի (Atlantis European Airways) գործունեությունը։

Պարզվել էր, որ ՔԱԿ-ը ոչ միշտ էր պահպանում ավիաընկերությունների հավաստագրման ընթացակարգերը և չէր կարողանում պատշաճ վերահսկել դրանց անվտանգության կառավարման համակարգերը, օդանավերի թռիչքային պիտանիության ապահովումն ու տեխնիկական սպասարկումը։

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) եզրակացրել էր, որ ՔԱԿ-ը բավարար կարողություններ չունի ավիափոխադրողների գործունեության մեջ անվտանգության միջազգային չափանիշների էական խախտումները հայտնաբերելու համար։

Այս արդյունքների հիման վրա Եվրահանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին պաշտոնական նամակով ՔԱԿ-ին տեղեկացրել էր հայտնաբերված խնդիրների մասին և կոմիտեի ու «Տարոն-Ավիա»-ի ներկայացուցիչներին հրավիրել ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի լսումներին։

2019-ի նոյեմբերի 7-ին Բրյուսելում կայացած տեխնիկական հանդիպման ժամանակ հայկական կողմը հայտնել էր, որ EASA-ի ստուգմամբ հայտնաբերված թերությունների հետևանքով որոշվել է չեղարկել «Տարոն-Ավիա»-ի օդանավ շահագործողի վկայականը։

Այդուհանդերձ, 2019 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը դեռ բավարար հիմքեր չէր տեսել հայկական բոլոր ավիափոխադրողների նկատմամբ թռիչքային արգելք սահմանելու համար։

Սակայն խնդիրները դրանով չէին սահմանափակվում։

2020 թվականի փետրվարի 3-7-ը Եվրահանձնաժողովի, EASA-ի և ԵՄ անդամ պետությունների փորձագետները նոր ստուգումներ են անցկացրել ՔԱԿ-ում, ինչպես նաև «Ավիակոմպանիա Արմենիա» և «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններում։

Այս անգամ հայտնաբերվել էին վերահսկողական համակարգի մի շարք լուրջ թերություններ։

Մասնավորապես՝ ՔԱԿ-ում բացակայել էին անհրաժեշտ թվով մասնագետների ապահովման և նրանց վերապատրաստման պատշաճ ընթացակարգերը, չէր գործում որակի կառավարման արդյունավետ համակարգ, իսկ կոմիտեն չէր կարողացել բավարար փաստաթղթերով հաստատել, որ ավիաընկերությունների սկզբնական հավաստագրման ընթացքում իրականացրել է անվտանգության բոլոր անհրաժեշտ ստուգումները։

Ավելին՝ եվրոպացի մասնագետներն ավիաընկերություններում հայտնաբերել էին անվտանգության վերահսկողության թերություններ, որոնք ՔԱԿ-ը պետք է բացահայտեր սեփական ստուգումների ընթացքում, սակայն չէր հայտնաբերել։

Եվրահանձնաժողովը եզրակացրել էր, որ Հայաստանի պետական վերահսկողության համակարգը չի ապահովում ավիափոխադրողների շարունակական համապատասխանությունն անվտանգության միջազգային չափանիշներին։

Հենց այս հիմքով էլ 2020 թվականի հունիսի 2-ին Հայաստանում հավաստագրված բոլոր ավիափոխադրողները ներառվել են ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։

Սա նշանակում է, որ Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողներն իրավունք չունեն իրենց օդանավերով և անձնակազմերով թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածքում, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ և դրանցից դուրս։

Ի՞նչ ժամկետներ էին նշում պաշտոնյաները

Դեռևս 2020 թվականի հունիսին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի այն ժամանակվա նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ աշխատանքներն ակտիվորեն շարունակելու դեպքում հնարավոր կլինի ԵՄ «սև ցուցակից» դուրս գալ շուրջ երկուսուկես տարում՝ 2022 թվականին։

Սակայն այդ ակնկալիքը չիրականացավ։

2022 թվականի սեպտեմբերի 27–30-ը Եվրահանձնաժողովի և EASA-ի ներկայացուցիչները կրկին այցելեցին Հայաստան՝ գնահատելու նախկինում արձանագրված թերությունների վերացման ընթացքը։ Ըստ եվրոպական կողմի՝ ՔԱԿ-ը 2020 թվականի համեմատ արձանագրել էր միայն սահմանափակ առաջընթաց, իսկ թերությունների վերացման ծրագիրը վերանայման կարիք ուներ։

Այցի ընթացքում քննարկվել էր նաև նոր՝ Fly Arna ավիաընկերության հավաստագրումը։ Եվրահանձնաժողովը նշել էր, որ ՔԱԿ-ի վերահսկողական կարողությունների առկա թերությունների պայմաններում նոր ավիաընկերության հավաստագրումը բավարար երաշխիք չէ միջազգային անվտանգության պահանջների պահպանման համար։

Հատկանշական է, որ այս ընթացքում Քաղավիացիայի կոմիտեն փոխել է երկու ղեկավար։ 

2024 թվականին պաշտոնյաները հայտարարում էին գրեթե բոլոր թերությունների վերացման մասին

2024 թվականի հունվար-փետրվարին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) Հայաստանում անցկացրել է աուդիտ և լուրջ թերություն հայտնաբերել ավիափոխադրողների հավաստագրման համակարգում։

Պարզվել էր, որ հավաստագրման գործընթացը հիմնված էր հնացած պահանջների վրա և չուներ բավարար համակարգված մոտեցում։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ այդ կոնկրետ թերությունը մինչև 2024 թվականի օգոստոսը վերացվել էր, սակայն անվտանգության պետական վերահսկողության այլ խնդիրներ պահպանվել էին։

Այդուհանդերձ, նույն տարվա սեպտեմբերի 19-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում հայտարարել էր, թե եվրոպական կողմի արձանագրած 41 թերություններից 40-ն արդեն վերացված են։

Նոյեմբերին նախարարը նշել էր, որ վերջին չլուծված խնդիրը վերաբերում է ՔԱԿ-ի որակավորված տեսուչների և այլ մասնագետների պակասին, և նախատեսվում է համապատասխան վերապատրաստումներն ավարտել մինչև դեկտեմբերի կեսերը։

Սակայն Եվրահանձնաժողովի պաշտոնական փաստաթղթերում 41 թերություններից 40-ի վերացումը հաստատող տվյալներ չկան։

2024 թվականի հոկտեմբերի 1-ին ՔԱԿ-ը դիմել էր Եվրահանձնաժողովին՝ արգելքի վերացման գործընթացը սկսելու նպատակով։

2024 թվականի նոյեմբերին եվրոպական կողմն արձանագրել էր որոշակի առաջընթաց օրենսդրության, աշխատակիցների վերապատրաստման և վերահսկողական կարողությունների զարգացման ուղղություններով, սակայն ներկայացված ապացույցները բավարար չէր համարել թռիչքային սահմանափակումները մեղմելու համար։

Նույն տարվա դեկտեմբերի 24-ին հայկական կողմը Եվրահանձնաժողովին էր ներկայացրել շտկող գործողությունների ծրագիրն ու իրականացված աշխատանքները հիմնավորող փաստաթղթերը։

Միաժամանակ, ՔԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Միհրան Խաչատրյանը ևս հայտարարել էր, որ նախատեսված բարեփոխումները հաջողվել է իրականացնել ավելի կարճ ժամկետում, և ակնկալվում է ԵՄ «սև ցուցակից» դուրս գալ 2025 թվականին։

2025 թվականի գնահատման այցը․ ինչ թերություններ են կրկին հայտնաբերվել

2025 թվականի մայիսին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ևս հայտարարել էր, որ Հայաստանը եվրոպական կողմին տեղեկացրել է նախկինում արձանագրված բոլոր թերությունների վերացման մասին։

Նախարարը հույս էր հայտնել, որ ամռանը նախատեսվող գնահատման այցից հետո հնարավորինս սեղմ ժամկետում կհաջողվի հաղթահարել սահմանափակումները։ 

Սակայն սեպտեմբերի 1-ից 5-ը Հայաստան այցելած եվրոպացի մասնագետները կրկին էական թերություններ հայտնաբերեցին։ Ստուգումներ իրականացվեցին ՔԱԿ-ում, ինչպես նաև «Armenia Airways» և «Shirak Avia» ավիաընկերություններում։

Թեև եվրոպական կողմը դրական գնահատեց ՔԱԿ-ի կազմակերպական և օրենսդրական բարեփոխումները, պարզվեց, որ որոշ հավաստագրեր և թույլտվություններ տրամադրվել են առանց անվտանգության պահանջներին համապատասխանությունը պատշաճ ստուգելու։

Բացի այդ, թերություններ էին հայտնաբերվել տեսուչների վերապատրաստման, մասնագիտական որակավորման գնահատման և լիազորման գործընթացներում։ Արձանագրվել էին նաև ուշացած կամ չեղարկված վերահսկողական ստուգումներ և դեպքեր, երբ նախկինում հայտնաբերված խախտումները փակված էին համարվել՝ առանց դրանց բուն պատճառները վերացնելու։

Չնայած 2024 թվականին պաշտոնյաների՝ տեսուչների պատրաստվածության խնդրի շուտափույթ լուծման վերաբերյալ հայտարարություններին, եվրոպացի մասնագետներն արդեն 2025-ին կոնկրետ խնդիրներ էին հայտնաբերել նաև ավիաընկերություններում։

«Armenia Airways»-ում արձանագրվել էին օդաչուների վերապատրաստման հաշվառման սխալներ, թռիչքային փաստաթղթերի թերություններ, հնացած ավիացիոն քարտեզների օգտագործում և օդանավերի բեռնվածության հաշվարկներում ուղևորների ստանդարտ զանգվածի սխալ արժեքների կիրառում։

«Shirak Avia»-ում հայտնաբերվել էին անվտանգության կառավարման և թռիչքների պլանավորման խնդիրներ, այդ թվում՝ չնախատեսված հանգամանքների համար անհրաժեշտ պահուստային վառելիքի քանակների սխալ հաշվարկներ։

Միաժամանակ, երկու ավիաընկերությունների օդանավերի տեխնիկական սպասարկումն ու շարունակական թռիչքային պիտանիության ապահովումը եվրոպացի մասնագետները բավարար էին գնահատել։

Այս բացահայտումները ներկայացված են Եվրահանձնաժողովի՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման մեջ։

ՔԱԿ-ը հայտարարել էր 31 թերության վերացման մասին, սակայն ԵՄ-ն դա չէր հաստատել

2025 թվականի նոյեմբերի 19-ին ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ սեպտեմբերյան ստուգմամբ արձանագրված 58 դիտարկումներից 31-ը փակվել են, իսկ մնացած խնդիրները հիմնականում ընթացակարգային բնույթի են։

Սակայն Եվրահանձնաժողովը չէր հաստատել 31 դիտարկումների փակումը՝ արձանագրելով, որ ներկայացված ապացույցները բավարար չեն դրանց արդյունավետ վերացումը հիմնավորելու համար։

Ավելին՝ եվրոպական կողմը նշել էր, որ ՔԱԿ-ը որոշ լուրջ խնդիրներ ներկայացրել է որպես երկրորդական թերություններ, իսկ շտկող գործողությունների ծրագրերում բավարար չափով ուսումնասիրված չեն եղել խախտումների առաջացման բուն պատճառները։

Հատկանշական է, որ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ԵՄ որոշման հրապարակումից ընդամենը հինգ օր առաջ, ՔԱԿ-ը «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան կրկին հայտնել էր, որ «սև ցուցակից» դուրս գալուն ուղղված հիմնական աշխատանքներն իրականացված են, իսկ թերությունները՝ վերացված։

Այդուհանդերձ, դեկտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը եզրակացրեց, որ ՔԱԿ-ը դեռ արդյունավետորեն չի վերացրել 2020 թվականին արգելքի պատճառ դարձած բոլոր խնդիրները, և որոշեց պահպանել հայկական ավիափոխադրողների նկատմամբ սահմանափակումները։

Ո՞ր հայկական ավիաընկերություններն են դեռ «սև ցուցակում»

Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսին թարմացված պաշտոնական ցանկում անվանապես ընդգրկված է հայկական 9 ավիափոխադրող․

  • Air Dilijans,
  • Armenian Airlines,
  • Armenia Airways,
  • Armenian Helicopters,
  • Fly Arna,
  • FlyOne Armenia,
  • Novair,
  • Shirak Avia․
  • Skyball։

Սակայն դրանցից ոչ բոլորն են շարունակում թռիչքներ իրականացնել։

Մասնավորապես, «Էյր Դիլիջանսը» 2025 թվականի փետրվարին զրկվել է օդանավ շահագործողի վկայականից, իսկ «Ֆլայ Արնան», որը թռիչքները դադարեցրել էր դեռ 2024 թվականի հունվարին, 2025 թվականին սնանկ է ճանաչվել։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական ավիափոխադրողների նկատմամբ կիրառված արգելքը երկրի մակարդակով է։ Այսինքն՝ այն վերաբերում է Հայաստանում հավաստագրված բոլոր ավիափոխադրողներին, այդ թվում՝ ցանկում առանձին չնշվածներին։

Ընդհանուր առմամբ, Եվրահանձնաժողովի վերջին տվյալներով՝ ԵՄ-ում ամբողջական արգելքի տակ է 154 ավիափոխադրող։ Դրանցից 126-ը հավաստագրված են 16 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Տարբեր տարիներին մի շարք երկրներ կարողացել են դուրս գալ ԵՄ «սև ցուցակից»։ Մասնավորապես, ընդհանուր արգելքը վերացվել է Ֆիլիպինների նկատմամբ 2015 թվականին, Ղազախստանի՝ 2016-ին, Ինդոնեզիայի՝ 2018-ին, Մոլդովայի՝ 2021-ին, իսկ Ղրղզստանի՝ 2026 թվականին։

Վեց տարի անց՝ առանց հստակ ժամկետի

Հայաստանի ավիափոխադրողները ԵՄ «սև ցուցակում» են ավելի քան վեց տարի։ Այդ ընթացքում փոխվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարները, իրականացվել են միջազգային տեխնիկական աջակցության ծրագրեր, վերանայվել են կանոնակարգերն ու վերահսկողության ընթացակարգերը, իսկ պաշտոնյաները տարբեր տարիների խոսել են սահմանափակումների մոտալուտ վերացման մասին։

Սակայն Եվրահանձնաժողովի գնահատականները ցույց են տալիս, որ իրականացված բարեփոխումները դեռ բավարար չեն եղել թռիչքային արգելքը վերացնելու համար։

2026 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ էլ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ շարունակում է իրականացնել ուղղիչ գործողություններ՝ առանց նշելու, թե երբ կարող է ավարտվել գործընթացը։

Այսպիսով, թեև հայկական կողմը տարբեր փուլերում հայտարարել է թերությունների մեծ մասի վերացման մասին, դրանց ամբողջական և արդյունավետ վերացումը Եվրահանձնաժողովի կողմից դեռ հաստատված չէ, իսկ հայկական ավիափոխադրողների նկատմամբ սահմանափակումները շարունակում են գործել։

 

Մարիա Խաչատրյան

Նկարը մշակված է ԱԲ-ով

Leave a comment