Գերիների հարցը մշտապես բոլոր հնարավոր ձևաչափերով փորձ է արվում րոպե առաջ լուծել. Վահագն Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հասկանում եմ, որ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամեն ինչ անում է, որ բոլորը մտածեն, թե ՀՀ սուվերեն տարածքներն Ադրբեջանի տիրապետության տակ են գտնվում միայն Ջերմուկում, և դրանք հայտնվել են 2020 թվականից հետո։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Տավուշի մարզից չե՞ն եղել նման տարածքներ, որ 30 տարի այդպես էլ շարունակում են մնալ։
«Տենց չի՞ եղել, եկեք դա էլ մտցնենք նախապայման։ Նկատի ունեմ՝ շատ լավ բաներ կարելի է բերել որպես նախապայման»,- այդ մասին ասաց Ալեքսանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք հայկական կողմն էլ չի կարող նաև գերիների վերադարձի, ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշման նախապայմաններ առաջ քաշել Ադրբեջանին՝ կապված խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
Ճշտող հարցին՝ ինչու գերիների վերադարձի հարցը որպես նախապայման չի դրվում, Ալեքսանյանը պատասխանեց՝ գերիների հարցը մշտապես, ցանկացած հնարավոր առիթով, նույնիսկ անհնար առիթով, բոլոր հնարավոր ձևաչափերով փորձ է արվում րոպե առաջ լուծել։
Դիտարկմանը, թե արդյունք չկա, ԱԺ նախագահի տեղակալը չհամաձայնեց։
«Պատերազմի ավարտից հետո գերիների քանի տոկոսն է վերադարձել»,- նշեց նա։
Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե խոսքը ԼՂ քաղաքական ղեկավարության մասին է, պատասխանեց, որ իր համար բոլոր հայ մարդիկ, որոնք գտնվում են Բաքվում, հավասար են։
«Նրանք բոլորը, անկախ նախկինում զբաղեցրած կարգավիճակից, ունեցվածքից և այլնից, ոչ ոք մյուսի նկատմամբ առավելություն չունի։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ բոլորը րոպե առաջ վերադառնան»,- ընդգծեց նա։