Եվրահանձնաժողովը չորեքշաբթի ընդունել է օրենսդրական առաջարկների փաթեթ, որով նախատեսվում է 2027 թվականին Ուկրաինային մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի՝ 2026 թվականի ֆինանսական կարիքներն արդեն ապահովված են, իսկ նոր առաջարկով նախատեսվում է հոգալ 2027 թվականի կարիքների երկու երրորդը։
«Եվրոպան կշարունակի առավելագույն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային՝ պաշտպանելու իր ժողովրդին և ենթակառուցվածքները, ինչպես նաև աջակցելու դպրոցների և հիվանդանոցների աշխատանքին»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի առաջարկը նախատեսում է մինչև 45 միլիարդ եվրոյի նոր վարկի տրամադրում՝ կապիտալի շուկաներից ներգրավված փոխառությունների հաշվին։ ԵՄ բյուջեն կօգտագործվի որպես վարկի երաշխիք։
Բացի այդ, նախատեսվում է խրախուսել միջազգային գործընկերներին՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Ուկրաինայի՝ հաջորդ տարվա ֆինանսավորման պակասուրդը գնահատվում է 70 միլիարդ եվրո։ Նոր առաջարկը լրացնում է 2026-2027 թվականների համար ԵՄ-ի կողմից նախկինում հաստատված 90 միլիարդ եվրոյի վարկային աջակցության ծրագիրը։
Օրենսդրական առաջարկներն այժմ կներկայացվեն Եվրոպական խորհրդարանին և ԵՄ խորհրդին՝ քննարկման և հաստատման համար։