Ամերիկյան Walt Disney Co.-ն՝ զվարճանքի և մեդիա ոլորտի աշխարհի խոշորագույն ընկերությունը, չորրորդ ֆինանսական եռամսյակում գրեթե կրկնապատկել է զուտ շահույթը։
Ինչպես նշվում է Disney-ի մամուլի հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 3-ին ավարտված եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 2.61 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1.51 դոլար։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 1.31 մլրդ դոլար և 0.73 դոլար։
Միանվագ գործոնների ազդեցությունը չհաշված՝ շահույթը կազմել է մեկ բաժնետոմսի հաշվով 1.77 դոլար։ LSEG-ի հարցմանը մասնակցած վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կկազմի 1.67 դոլար։
Disney-ի եռամսյակային հասույթն աճել է 16%-ով՝ հասնելով 25.95 մլրդ դոլարի՝ գերազանցելով 25.18 մլրդ դոլարի մակարդակում կանխատեսումը։
Disney-ի խոշորագույն ստորաբաժանումը, որը միավորում է ընկերության մեդիա և ժամանցային ակտիվները, նախորդ եռամսյակում ավելացրել է հասույթը 17%-ով՝ հասցնելով 11.89 մլրդ դոլարի։ Մասնավորապես, բաժանորդագրություններից ստացված եկամուտներն աճել են 19%-ով, գովազդից ստացված եկամուտները՝ 10%-ով, իսկ բովանդակության վաճառքից ստացված եկամուտները՝ 21%-ով։
Թեմատիկ այգիների և զբոսաշրջային նավերի կառավարումը, ինչպես նաև սպառողական ապրանքների և տեսախաղերի արտադրությունն իրականացնող ստորաբաժանման հասույթն աճել է 15%-ով՝ հասնելով 10.11 մլրդ դոլարի։ Սպորտային մեդիայի հատվածում հասույթն ավելացել է 16%-ով՝ կազմելով 4.61 մլրդ դոլար։
Ընթացիկ ֆինանսական եռամսյակից Disney-ը կփոխի ֆինանսական հաշվետվությունների կառուցվածքը՝ սպառողական ապրանքների մի մասը տեղափոխելով ժամանցի բիզնեսի հատված։
Ընկերությունն ակնկալում է, որ 2027 ֆինանսական տարում ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կաճի երկնիշ տեմպով։ Միաժամանակ Disney-ն մտադիր է մինչև 2029 ֆինանսական տարին ապահովել տարեկան ծախսերի 3 մլրդ դոլարի խնայողություն։
Disney-ը նաև 33%-ով բարձրացրել է շահաբաժինները՝ հասցնելով մեկ բաժնետոմսի հաշվով 2 դոլարի։ Վճարումները կկատարվեն երկու հավասար մասով՝ հաջորդ տարվա հունվարի 22-ին և հուլիսի 13-ին։ Շահաբաժին ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ռեեստրները կփակվեն համապատասխանաբար 2026 թվականի դեկտեմբերի 16-ին և 2027 թվականի հունիսի 11-ին։