Հունվարից ոչ մի պլաստիկ մեկանգամյա սպասք և պոլիէթիլենային տոպրակ. ինչո՞վ փոխարինել և ի՞նչ տույժ կլինի

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումն ու առկայությունը։

 

MediaHub-ին դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հասկանալու՝ արդյոք օրինակ՝ կշռելու համար չե՞ն օգտագործվելու տոպրակները կամ արգելվելու է միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքից օգտվելը, և եթե այո, ապա ի՞նչ տուգանք է լինելու և ինչո՞վ կարող են փոխարինել դրանք։

 

MediaHub-ին Շրջակա միջավայրի նախարարությունից նշեցին, որ առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է՝

 

պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը,

մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկ տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը։

 

Կարգելվեն նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակները։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակների կիրառումը։

 

Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն. առաջին խախտման դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար նախատեսվում է 100 հազարից 150 հազար դրամ տուգանք։

 

Վերահսկողությունը կվերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համատեղ ձևաչափով։ Նախատեսված է նաև դիտարկման եղանակով վերահսկողություն։

 

Մարիաննա Արամյան

Leave a comment