ՌԴ-ն կմերժի միգրանտներին աշխատանքի թույլտվություն տրամադրելը, եթե եկամուտների մասին տվյալներ չկան․ այլ մանրամասներ

2027 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը Դաշնությունը կմերժի միգրանտներին աշխատանքի թույլտվություններ («արտոնագրեր») տրամադրելը, եթե նրանց եկամուտների մասին տվյալներ չկան․ հայտնել է ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունը։

Եկամուտների վերաբերյալ տվյալների բացակայությունը հիմք կհանդիսանա նախկինում տրված աշխատանքի թույլտվությունները չեղարկելու համար։

Ըստ հաղորդման՝ խոսքը վերաբերում է այն եկամուտներին (վճարումներին կամ վարձատրության այլ ձևերին), որոնց նկատմամբ կիրառվում են սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները։

2026 թվականի հոկտեմբերից հարկային մարմինները ՌԴ ՆԳՆ-ին ավտոմատ կերպով կփոխանցեն օտարերկրյա քաղաքացիների եկամուտների վերաբերյալ տվյալները՝ ընդգրկելով օրացուցային տարվա ընթացքում երեք, վեց, ինը և 12 ամիսների ժամանակահատվածները, իսկ Կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամը տեղեկատվություն կտրամադրի նրանց աշխատանքային պատմության վերաբերյալ։

Օտարերկրյա քաղաքացիների եկամուտների վերահսկման այս նոր մեխանիզմը սահմանվում է 2026 թվականի ամռանը Պետդումայի կողմից ընդունված փոփոխություններով։ Համաձայն այդ դրույթների՝ եթե միգրանտ աշխատողի ընդհանուր եկամուտը ցածր է լինում կենսապահովման նվազագույն շեմից (որը հաշվարկվում է տվյալ անձի և նրա խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր անձի համար), ապա նրա աշխատանքի թույլտվությունը («արտոնագիրը») կչեղարկվի։

Միգրանտը պարտավոր է ֆիքսված չափով անձնական եկամտահարկ վճարել ինչպես իր, այնպես էլ իրեն ուղեկցող յուրաքանչյուր երեխայի համար։ Արտոնագրով (պատենտով) աշխատող միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պետք է կա՛մ լքեն Ռուսաստանը, կա՛մ 30 օրվա ընթացքում ստանան սեփական արտոնագիր։ Այն միգրանտների անչափահաս երեխաները, որոնք ունեն տվյալ երկրում աշխատելու և բնակվելու վավեր թույլտվություն, պահպանում են Ռուսաստանի Դաշնությունում մնալու իրավունքը։

Leave a comment