Բայրամով․ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ (PAN.am)

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կիլոմետրանոց TRIPP տրանսպորտային նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ։ Նա այդ մասին ասել է Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ու Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Նա նշել է, որ թեև ճանապարհի 42 կմ անցնում է ՀՀ տարածքով, մուտքի ու ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, հայտնում է APA-ն:

«Քանի որ հարցը մոտենում է նախագծի իրականացմանը, տրամաբանական է, որ դրա տեխնիկական պարամետրերը պարտադիր պետք է համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ: ԱՄՆ նախաձեռնությամբ որոշում է կայացվել ստեղծել եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որն աշխատանքները սկսել է նոյեմբերի 6-ին․,-ասել է նախարարը:

Աշխատանքային խմբի գլխավոր խնդիրը երկու ուղղություններով տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն է։ Առաջինը վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ երկաթուղիներին և ավտոմոբիլային ճանապարհներին, իսկ երկրորդը՝ էլեկտրահաղորդման գծերին։

Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտին է հասցրել տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների շինարարությունը։ Աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2027 թվականի սկզբին։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Leave a comment