Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները։
2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:
2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:
«2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ»,- նշված է նախագծում։