Ֆինանսների նախարար․ Այո, ունեցել ենք ընթացիկ հաշվի պակասուրդի որոշակի խորացում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ մշտական հանձնաժողովներում անցկացված քննարկումների արդյունքները, նշել է, որ այս ընթացքում ընդդիմության բարձրացրած ամենաէական հարցը առևտրի և ընթացիկ հաշիվների պակասուրդների, դրանց ֆինանսավորման և արտաքին տնտեսական կայունության հարցն էր:

«Այո ունեցել ենք ընթացիկ հաշվի պակասուրդի որոշակի խորացում, որը մանրամասը ներկայացնում ենք մեր հաշվետվություններում, բայց մանրամասն ներկայացնում ենք նաև դրա բնույթը»,- ասել է նա՝ նշելով, որ այն միայն արտահանման կրճատում չէ, այլ տնտեսական բարձր ակտիվություն և ներքին պահանջարկի աճ, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարի գնահատմամբ՝ ընդդիմությունն արտաքին տնտեսական իրավիճակի վերաբերյալ ձևավորում է «արտաքին անկայունությանը չվերաբերող, իրականությանը չհամապատասխանող պատկեր»։

«Ընթացիկ հաշիվը ներկայացնում է Հայաստանի և արտաքին աշխարհի միջև ապրանքների և ծառայությունների, զուտ եկամուտների և դրամական փոխանցումների հանրագումարը»,- նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ընթացիկ հաշվի պակասուրդը վերլուծելիս անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն դրա ծավալը, այլև առաջացման պատճառները, ֆինանսավորման մեխանիզմներն ու տնտեսության վրա ունեցած ազդեցությունը։

Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանին հաջողվել է ընթացիկ հաշվի պակասուրդի ֆինանսավորմանը զուգահեռ ավելացնել միջազգային պահուստների ծավալը։ 2026 թվականի հոկտեմբերի վերջին դրանք կազմել են մոտ 7․2 միլիարդ դոլար՝ հասնելով «պատմականորեն ամենաբարձրին, և ավելի քան կրկնակի 2021 թ․ մակարդակից»։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ միջազգային պահուստների մակարդակը երկրի տնտեսական կայունությունն ու արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունը բնութագրող կարևոր ցուցանիշներից է։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը միջազգային կապիտալի ներգրավման և մասնավոր ներդրումների իրականացման տեսանկյունից գնալով ավելի գրավիչ է դառնում։

Հովհաննիսյանը նաև վստահեցրել է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով կառավարությունն արտաքին արտարժութային պարտք չի ներգրավել։ Նախարարի խոսքով՝ կառավարության պարտքի կառուցվածքում նվազեցվել է արտաքին և արտարժութային բաղադրիչի մասնաբաժինը, որը ներկայում կազմում է ՀՆԱ-ի 4․5 տոկոսը։

Leave a comment