Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ

Քաղաքականություն

18.11.2026 | 12:37

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են անցկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների հարցերի շուրջ։ Բաքվում Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ նախագծի 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։

«Միևնույն ժամանակ, այս երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։ Նախագծի իրականացմանը զուգընթաց՝ միանգամայն օրինաչափորեն առաջացել է դրա տեխնիկական պարամետրերն ադրբեջանական կողմի հետ պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտության հարցը։ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ձեռք է բերվել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն, որն աշխատանքը սկսել է նոյեմբերի 6-ին»,- հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է՝ համաձայնեցնել երկու ուղղությունների տեխնիկական պարամետրերը, որն ընդգրկում է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհները, ինչպես նաև էլեկտրական մալուխի նախագիծը։ Բացի այդ, խումբը պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։

«Ադրբեջանը գործնականում ավարտում է իր տարածքում տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային։ Երկաթուղին մինչև Հայաստանի սահման հասցնելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, հաջորդ տարվա սկզբին այդ գործընթացը կավարտվի»,- հավելել է Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment