Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել

Քաղաքականություն

18.11.2026 | 11:44

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը գերմանացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք մտքեր ենք փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Իմ գործընկերոջը տեղեկացրել եմ երկարամյա օկուպացիայից հետո մեր տարածքների ազատագրման, Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի և դրական փոփոխությունների մասին»,- հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, որ քննարկել են նաև Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմները, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերը։

«Մենք համաձայնել ենք նրանում, որ որքան էլ դա բարդ լինի, լավագույն տարբերակը խնդիրները դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով լուծելու համար ջանքերի համատեղումն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր ժամանելու է Հայաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment