Վրաստանը մուտք է գործել չինական պարտատոմսերի շուկա

Վրաստանի Ազգային բանկը հնարավորություն է ստացել գործառնություններ իրականացնել Չինաստանի միջբանկային պարտատոմսերի շուկայում (China Interbank Bond Market, CIBM):

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», Ազգային բանկն այսուհետ կկարողանա ձեռք բերել չինական արժեթղթեր՝ դիվերսիֆիկացնելով իր միջազգային պահուստները։

«Չինաստանի միջբանկային պարտատոմսերի շուկան օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների, այդ թվում՝ կենտրոնական բանկերի համար Չինաստանի պարտատոմսերի շուկա անմիջական մուտքի հիմնական ուղիներից մեկն է հանդիսանում: Մուտքն այս շուկա կընդլայնի Վրաստանի Ազգային բանկի ներդրումային հնարավորությունները, կնպաստի միջազգային պահուստների պորտֆելի դիվերսիֆիկացմանը եւ ռիսկերի կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը», – ասել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Տուրնավան:

Նա նշել է, որ Ազգային բանկն աստիճանաբար կյուրացնի նոր շուկան՝ գնահատելով գործառնական միջավայրը, հաշվարկային մեխանիզմները, իրավական դաշտն ու ռիսկերը: Տուրնավայի խոսքով՝ հետագայում Ազգային բանկի փորձը կարող են կիրառել նաեւ Վրաստանի մասնավոր ներդրողները:

Leave a comment