ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, փոխանցում է Meduza-ն։
Երկու առաջնորդները հանդես են եկել հայտարարություններով։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական կապը «կայուն կերպով գործում է», երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների հոսքն աճում է, իսկ համատեղ աշխատանքը զարգանում է «վերընթաց ուղղությամբ»։
«Ռուս-չինական արտաքին քաղաքական համագործակցությունը կայուն և դրական հունով է աշխատում»,- Սի Ցզինպինի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակում Մոսկվան և Պեկինը հանդես են գալիս «ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման կառուցողական մոտեցումներով»։ ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների ընդհանուր նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովումը։
«Մենք կաշխատենք, ինչպես դուք եք սիրում ասել՝ մեջք մեջքի տված՝ ի շահ Ռուսաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովուրդների»,- ասել է Պուտինը։
Սի Ցզինպինը, իր հերթին, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները բնութագրել է որպես «սարի պես անսասան, որը կանգուն է մնում՝ անկախ քամուց ու անձրևից», և նշել, որ դրանք ենթակա չեն «աշխարհաքաղաքական իրավիճակի պահի ազդեցությանը»։
Սիի հետ հանդիպումից առաջ Պուտինը նաև ուղերձ է հղել ԱԽՏՀ-ի գործարար խորհրդին՝ նշելով, որ Եվրամիությունը չի կարողացել հարմարվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների և ռուսական շուկայից կամավոր հրաժարվելու հետևանքներին։ Պուտինի խոսքով՝ դրա հետևանքով Եվրամիությունը «կորցնում է իր արդյունաբերական ներուժն ու մրցակցային պայքարում ունեցած դիրքերը»։
Նոյեմբերի 19-ին ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում սպասվում է Պուտինի, Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպման գաղափարը Պուտինն առաջարկել էր Թրամփին հոկտեմբերին՝ հեռախոսազրույցի ընթացքում։
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Պուտինը հույս ունի հանդիպման ընթացքում, մասնավորապես, պայմանավորվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ՝ Մոսկվայի համար շահավետ պայմաններով։ Սակայն Թրամփը նախևառաջ ցանկանում է քննարկել միջուկային սպառազինության հարցը։
Financial Times-ի տվյալներով՝ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը որոշել են նախապես չհամաձայնեցնել եռակողմ հանդիպման օրակարգը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի