Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը

Ադրբեջանում առաջարկում են հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը կարգավորող օրենսդրության մասշտաբային փոփոխություններ։ Դրանք նախատեսում են պարտադիր վերագրանցում, կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու և լուծարելու ավելի խիստ հիմքեր, ինչպես նաև հիմնադրամների ստեղծման համար պահանջվող նվազագույն կապիտալի տասնապատիկ ավելացում։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

Առաջարկվող փոփոխությունները ներկայացվում են այն պայմաններում, երբ անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն առանց այդ էլ գործում են լարված միջավայրում․ Ադրբեջանի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ քրեական հետապնդման են ենթարկվում, իսկ ոմանք արդեն դատապարտվել են ազատազրկման։

Փոփոխությունները կընդլայնեն իշխանությունների լիազորությունները՝ թույլ տալով կասեցնել ՀԿ-ների գործունեությունը, կսահմանեն կազմակերպությունների լուծարման նոր հիմքեր և կպարտավորեցնեն գործող տեղական ու օտարերկրյա կազմակերպություններին 30 օրվա ընթացքում վերագրանցվել։ Այս հանգամանքները լրացուցիչ մտահոգություն են առաջացնում երկրում անկախ քաղաքացիական հասարակության ապագայի վերաբերյալ։

Իշխանամետ APA լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փոփոխություններն ընդգրկված են «Հասարակական կազմակերպությունների (հասարակական միավորումների և հիմնադրամների) մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծում։ Այն ընդգրկված է նոյեմբերի 17-ին և 18-ին նախատեսված խորհրդարանական նիստերի քվեարկության օրակարգում։

Օրինագծի համաձայն՝ տեղական ՀԿ-ների, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների գործունեությունը կարող է կասեցվել, եթե դրանք չապահովեն թափանցիկությունը կամ չկատարեն կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջները։

Համապատասխան գործադիր մարմինը լիազորություն կստանա առանց դատարանի որոշման մինչև մեկ տարով կասեցնել կազմակերպության գործունեությունը։ Գործունեությունը կարող է վերսկսվել, եթե հայտնաբերված խախտումները վերացվեն։ Փոփոխություններով նախատեսվում է նաև ընդլայնել ՀԿ-ների՝ դատական կարգով լուծարման հիմքերը։ Դրանց թվում են պետական կամ հանրային շահերին սպառնալիք համարվող գործունեությունը, երեք տարի անընդմեջ ընդհանուր ժողով չգումարելը կամ երեք տարուց ավելի գործունեություն չծավալելը։

Կազմակերպությունները կարող են նաև լուծարվել, եթե կասեցումից հետո չվերացնեն հայտնաբերված խախտումները կամ շարունակեն այն գործունեությունը, որն արգելվել է կասեցման մասին որոշմամբ։

Օրինագիծը նախատեսում է պարտադիր վերագրանցում բոլոր գործող՝ տեղական գրանցում ունեցող ՀԿ-ների, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպություններին կտրվի 30 օր՝ իրենց կանոնադրությունները նոր պահանջներին համապատասխանեցնելու և վերագրանցման դիմումներ ներկայացնելու համար։

Կանոնադրություններում պետք է հստակ նշվեն ներքին ֆինանսական վերահսկողության մեխանիզմները, այդ թվում՝ միջոցների և ակտիվների՝ կազմակերպության հռչակած նպատակներին համապատասխան օգտագործումն ապահովող ընթացակարգերը։ Կազմակերպությունները պարտավոր կլինեն նաև ստեղծել վերահսկող մարմիններ և սահմանել ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը նվազագույնի հասցնելու միջոցառումներ։

Վերագրանցման դիմում չներկայացրած կամ դիմումի մերժում ստացած կազմակերպությունների գործունեությունը կարող է կասեցվել, որից հետո կսկսվեն դրանց լուծարմանն ուղղված դատական գործընթացներ։ Օտարերկրյա ՀԿ-ների նկատմամբ նույնպես կկիրառվեն նույն պահանջները։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև հիմնադրամների ստեղծման համար պահանջվող նվազագույն կանոնադրական կապիտալը 10 հազար մանաթից (5 880 դոլար) հասցնել 100 հազար մանաթի (58 800 դոլար)։

Օրենսդրության խստացումը տեղի է ունենում Ադրբեջանում ՀԿ-ների համար առանց այդ էլ լարված իրավիճակի պայմաններում։

ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ քրեական հետաքննությունը, որը սկզբնավորվել էր 2014 թվականին և կասեցվել 2022-ին, Գլխավոր դատախազության կողմից վերսկսվել է 2025 թվականի փետրվարին։ Դրանից հետո ձերբակալվել և մեղադրանքներ են առաջադրվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Amnesty International տվյալներով՝ հետաքննության վերսկսումից հետո քաղաքացիական հասարակության առնվազն 50 ներկայացուցիչներ հարցաքննվել են որպես վկաներ կամ կասկածյալներ։

Մեղադրյալներին առաջադրվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքներ։ Արդեն մեղադրող անձանց սպառնում են երկարատև ազատազրկման պատիժներ։ Օրինակ՝ Գյանջայի տարածաշրջանային համայնքային կենտրոնի ղեկավար Ասաֆ Ահմադովը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, իսկ Ubuntu սոցիալական աշխատանքի ասոցիացիայի նախաձեռնության ղեկավար Զամին Զաքիևը՝ յոթ տարի երեք ամսվա։ Մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և պնդում են, որ իրենց գործունեությունն օրինական է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment