44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Ձորաղբյուր» ՏԿՀ-ից․

«44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ»։

Աշխարհաքաղաքական և տնտեսական պարզագույն տրամաբանության տեսանկյունից ստորև ներկայացված փաստերը դրա հերթական ու անհերքելի ապացույցն են։

Համաշխարհային պատմության ու աշխարհաքաղաքականության մեջ կա մի անխախտ օրինաչափություն. ցանկացած ռազմական հակամարտություն և տարածաշրջանային բախում անմիջապես և անխուսափելիորեն հարվածում է էներգետիկ շուկաներին՝ ավերելով ենթակառուցվածքները, խաթարելով մատակարարման շղթաները և առաջացնելով վառելիքի գների պայթյունավտանգ աճ։

Նայենք չոր փաստերին.

1973 թ. Արաբա-իսրայելական պատերազմ և նավթային էմբարգո. մատակարարումների կտրուկ կրճատում, նավթի համաշխարհային գների քառապատկում և Արևմուտքի էներգետիկ ճարտարապետության ստիպողական վերանայում։

1979 թ. Իրանական հեղափոխություն և Իրան-իրաքյան պատերազմ. ուղիղ հարվածներ նավթահանքերին, «Տանկերային պատերազմ», գների կրկնապատկում և համաշխարհային տնտեսական ճգնաժամ։

1990–1991 թթ. Պարսից ծոցի պատերազմ. շուկայից օրական ավելի քան 4 մլն բարել նավթի դուրսմղում, գնային շոկ և հարյուրավոր նավթահորերի հրդեհում։

Հութիների և Սաուդյան Արաբիայի հակամարտություն. անօդաչուների և հրթիռների հարվածներ «Saudi Aramco»-ի ենթակառուցվածքներին, համաշխարհային մատակարարման ցնցումներ։

Ռուս-ուկրաինական պատերազմ (2022 թ.-ից առ այսօր). պատժամիջոցների պատերազմ, «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի պայթեցում, գազի ռեկորդային գներ Եվրոպայում և լոգիստիկ ուղիների ամբողջական վերաձևում։

Կարմիր ծովի և Մերձավոր Արևելքի սրացումներ. ծովային զարկերակների արգելափակում, լցանավերի երթուղիների երկարացում Աֆրիկայի շուրջ, ապահովագրական ծախսերի թռիչք և հանքավայրերի ժամանակավոր կանգառներ։

Եվ ահա, այս համընդհանուր, երկաթբետոնե օրինաչափության ֆոնին՝ միակ զավեշտալի ու անբացատրելի բացառությունը դարձավ 44-օրյա պատերազմը։

Ի հեճուկս աշխարհի մյուս բոլոր թեժ կետերի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ միայն որևէ կերպ չազդեց էներգակիրների մատակարարման ծավալների կամ համաշխարհային գների վրա, այլև անգամ մի ակնթարթ չխոչընդոտեց ընթացիկ շինարարական ու լոգիստիկ աշխատանքներին։

Դրա խոսուն վկայությունը հենց պատերազմի ավարտից հաշված օրեր անց՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին արձանագրված իրողությունն էր. «Հարավային գազային միջանցքի» առանցքային օղակը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP), ճիշտ ժամանակին, առանց որևէ խափանման ու ուշացման գործարկվեց՝ ապահովելով ադրբեջանական գազի առևտրային մատակարարումը Եվրոպա։

Այսինքն, Ադրբաջանը մի կողմից Արցախում հազարավոր հայերի կյանքեր էր խլում, մյուս կողմից՝ Եվրոպան ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքն էր ավարտում։

Ինչպե՞ս էր դա հնարավոր լայնածավալ և երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։

Պատասխանը մեկն է. նման բան կարող էր տեղի ունենալ բացառապես Հայաստանի կառավարող ռեժիմի կուլիսային պայմանավորվածության և դավադիր խոստումների հետևանքով, որոնց արդյունքում պատերազմի ողջ ընթացքում չհարվածվեց Ադրբեջանի ոչ մի խողովակաշարի՝ ունենալով դրա բոլոր հնարավորությունները։ Ավելին, Արմեն Սարգսյանն էլ բարձրաձայնեց Փաշինյանի նման դիրքորոշումը հենց պատերազմի ընթացքում։

44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»։

 

Leave a comment