Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ընդդիմադիր դաշտի միավորման գործընթացներին, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանն ու իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարություններին։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ այսօր «ընդդիմությունը հիմա ավելի թուլացած է», ինչն էլ հենց դարձել է միավորման հիմնական պատճառներից մեկը, քանի որ պետությունը կանգնած է ճակատագրական հարցի առաջ։

«Ճակատագրական հարցի առաջ ենք, ընդդիմությունը միավորվում է, քանի որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի վասալ է դարձնում»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով միավորման ձևաչափերին և ընթացող բանակցություններին՝ քաղաքական գործիչը հստակեցրեց, թե հատկապես ում հետ են ընթացել խորհրդակցությունները՝ հերքելով որոշ շրջանառվող լուրեր. «Այնպես չի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ բան ենք պայմանավորվել, «Ուժեղ Հայաստանի» հետ ենք բանակցել միավորման մասին»։

Անցում կատարելով արտաքին քաղաքականությանն ու անվտանգային մարտահրավերներին՝ Զուրաբյանը քննադատեց Եվրամիության ուղղությամբ վարվող քաղաքականությունը՝ ընդգծելով. «ԵՄ-ի ուղղությունը մեզ միայն վնաս է բերում, Արևմուտքը պատրաստ չէ մեզ անվտանգային և տնտեսական երաշխիքներ տալ»։ Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, Փաշինյանը ծանր ընտրության առաջ է կանգնած, ինչի վկայությունն այն է, որ նա «Պուտինի հետ արդեն 3 հանդիպում է նշանակել, որի իմաստն այն է, թե էս հարցը ոնց լուծվի»։

Զուրաբյանը կտրուկ հակասություն է նկատում իշխող թիմի գործելաոճում։ «Փաշինյանի իշխանության արևմտյան կուրսի ճարտարապետներից Արմեն Գրիգորյանն ամբողջությամբ կրկնեց մեր փաստարկները, թեև մեզ ռուսամետ էին ասում»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հայտարարություններով «Արմեն Գրիգորյանը հարված հասցրեց ՔՊ-ին՝ ամբողջությամբ ջարդելով նրա արևմտամետ պրոպագանդայի պտուղները»։

Քաղաքական գործիչը տարակուսանք հայտնեց կառավարող ուժի արձագանքի վերաբերյալ. «Տարօրինակ է՝ ՔՊ-ականները մեզ ռուսաստրուկ էին համարում, բայց նույն փաստարկների համար Արմեն Գրիգորյանին թթու խոսք չեն ասում»։

Ամփոփելով արտաքին քաղաքական այս տեղաշարժերը՝ Լևոն Զուրաբյանն առաջ քաշեց իր վերլուծության արդյունքում ձևավորված տեսակետը. «Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստեն հասարակությանը արևմտամետ կուրսից շրջադարձ կատարելուն»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

Leave a comment