Կրպակների ապամոնտաժումից մեկ ամիս անց Շինարարների փողոցի այս հատվածում դեռ հողի կույտեր են ու վնասված ասֆալտ։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը մեկ ամիս առաջ, Factor TV-ի հարցին ի պատասխան, վստահեցնում էր՝ տարածքը կրպակներից ազատվում է բարեկարգման նպատակով։
«Օրինակ՝ այս ամիսն այն ամիսն է, երբ ծառատունկ են իրականացնում, որ ասում են՝ ձմռան բերան է, հիմա են ծառատունկն անում, հիմա է դրա ժամանակը, կատարելու ենք»,- ասել էր նա։
ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի նշած ամիսը հոկտեմբերն էր։ Հիմա արդեն նոյեմբերն է, իսկ տարածքը դեռ անբարեկարգ տեսք ունի։ Factor TV-ն Շինարարների փողոցի բնակիչներից հետաքրքրվեց՝ ապամոնտաժումից հետո որևէ բարեկարգման աշխատանք նկատե՞լ են։
«Ասել են, որ կանաչապատելու են, բայց քանդեցին, դեռ չեն արել։ Ինձ թվում է՝ չեն հասցնի։ Էն մեկն էլ ղարաբաղցի էր, քանդեցին, խեղճն աշխատում էր, իր տան վարձը տալիս էր»,- ասաց փողոցի բնակիչներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց.«Ավերակների են վերածել, բարեկարգում էլ չկա»։
«Առայժմ հավաքում են, հողերը լցրեցին, բորդյուրները դրեցին, մնացածն էլ կանեն։ Նայեք՝ էստեղ լցրել են, իհարկե՝ գոհ ենք»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս տարի ծառատունկ չի իրականացվի։ Մեկ ամիս առաջ կրպակների ապամոնտաժումը բարեկարգման նպատակով հիմնավորող պաշտոնյան ունի նաև բացատրություն, թե ինչու իր իսկ մատնանշած՝ ծառատունկի համար իդեալական ժամանակահատվածը չի օգտագործվելու։
«Այս պահին չի արվելու, որոշում է կայացվել ամբողջ փողոցը բարեկարգել, մայթերի լայնացում ենք իրականացնելու, լարերն ենք գետնի տակով անցկացնելու, դրա համար ծառատունկ չենք իրականացնում»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որը դեմ էր, իր խոսքով՝ օրինական կրպակների ապամոնտաժմանը և աշխատանքների ընթացքում կոնֆլիկտի էր մեջ մտել թաղապետի հետ, այսօր Factor TV-ին փոխանցեց, որ քաղաքային իշխանությունները դեռ չեն ներկայացրել անգամ կանաչապատման նախագիծը։
«Իրենք պետք է նախօրոք իմանային՝ ինչպես են կանաչապատելու, բերեին, հասարակությանը ներկայացնեին։ Իրենց սիրած կանաչը դոլարն է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Ի դեպ, նշենք, որ ապամոնտաժման աշխատանքները նախորդ ամիս հասել էին նաև ընդդիմադիր պատգամավորի աներոջ անօրինական բենզալցակայանին, որը գտնվում է նույն փողոցում։
Սերոբ Սարգսյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում փոխանցեց, որ փողոցում լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, այդ թվում՝ կանաչապատում, մայթերի հնարավոր լայնացում և էլեկտրական լարերի տեղափոխում գետնի տակ։ Թե որքան գումար է ծախսվելու քաղաքային բյուջեից, Սարգսյանը դեռևս չկարողացավ հստակեցնել. նախահաշիվը պատրաստ չէ։ Այսպիսով՝ կրպակներն արդեն ապամոնտաժվել են, բայց թե երբ և ինչ միջոցներով տարածքը վերջնական տեսքի կբերվի, պարզ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան