Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվանից հետո ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած մեղադրանքներին և մահվան հանգամանքների քաղաքականացման հարցին։
Եղոյանն ասաց, որ քաղաքական դաշտում միմյանց թիրախավորելը սովորական երևույթ է, և դա բնորոշ է մարդկային հասարակությանը։
«Թիրախավորելը ընդհանրապես շատ մարդկային գործողություն է: Կենդանիները իրենց չեն թիրախավորում, իրար թիրախավորում են միայն մարդիկ: …Հա՛, մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, այո՛, իրար թիրախավորում են, դա մարդկային է, մարդկային հասարակության մեջ դա շատ ընդունված բան է»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով մահվան թեմային՝ Եղոյանն ընդգծեց, որ մարդկային հասարակությունում ընդունված է հարգանքով վերաբերվել մահվանը և այն չդարձնել շահարկումների առարկա։
«Գիտե՞ք էլ ինչն է շատ մարդկային․ մահը սակրալացնելը (լատ.՝ sacer սուրբ-խմբ)… իսկ մահը սակրալացնելուց հետո այդ մասին քիչ են խոսում․ մարդիկ, մարդկային հասարակության մեջ մահվան մասին շատ չեն խոսում, խոսում են ըստ պատշաճության և չեն շահարկում մահ հասկացությունը»,- ասաց նա։
Եղոյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորների այն պնդումներին, թե Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու են քաղաքական իշխանությունները։ Նա նշեց, որ ինքն առայժմ տեղեկություն չունի մահվան հստակ պատճառների մասին և հարց բարձրացրեց՝ արդյոք Գևորգյանը դիմել է բժշկական օգնության, ունեցել է կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, կամ նրա դիմումներն անտեսվել են։
«Օրինակ, ես մինչև հիմա չգիտեմ՝ ինչից է ինքը մահացել․ ինֆարկտից, բանտում ինֆարկտից մահացել է ձեր ընկերը, մի 20 հոգի ձեզանից եկավ այստեղ, այդ մասին խոսաց՝ սպանել եք, պայմանները… Օգնություն է ուզել, չե՞ն ցուցաբերել, դիմում է գրել, բողոքարկե՞լ է, ասել է, որ կալանքի հետ անհամատեղելի բան, ուղեկցող հիվանդություն ունե՞մ, չե՞ն ընդառաջել․ նման բան եղե՞լ է ընդհանրապես»,- հարցրեց Եղոյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ կալանավորված անձին ցուցաբերված բժշկական օգնության պատշաճության հարցը պետք է քննարկվի մասնագիտական, ոչ թե քաղաքական հարթությունում։ Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողի գործողությունները պետք է գնահատվեն մասնագիտական պատասխանատվության տեսանկյունից։
«Սա պետք է մենք քննարկենք ոչ թե քաղաքականության համատեքստում, որովհետև այնտեղ քաղաքականություն չկա․ չի կարող բանտի բուժակը քաղաքականությամբ զբաղվի․ բանտի բուժակը կարող է լինի կամ լավը, կամ վատը… Դա քաղաքականության հետ ընդհանրապես, համենայն դեպս, այս դահլիճում քննարկվելիքի հետ, կապ չունի»,- հայտարարեց նա։
Ելույթի ավարտին Եղոյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին՝ հորդորելով մահվան դեպքերը քաղաքական քննարկումների առարկա չդարձնել։ Նա նշեց, որ եթե ապագայում ինքն էլ մահանա կալանավայրում, չի ցանկանա, որ իր մահվան հանգամանքները նույն կերպ ներկայացվեն։
«Եթե վաղը ես բանտում մահանամ, սիրելի՛ ընկերներ, ես ձեզ այս գլխից խնդրում եմ, այսպես չվարվեք ինձ հետ հանկարծ, այսպիսի բաներ չխոսաք հանկարծ իմ մահվան հանգամանքների մասին կամ առարկայական մահվան հանգամանքները քննեք, և եթե կա պատասխանատվություն՝ կենթարկենք, բայց ես խնդրում եմ՝ այդպես չվարվեք իմ անվան և հիշատակի հետ, որ այս ամբիոնից… կսարքեք քաղաքական մի հատ եսիմ ինչ պատմություն»,- ասաց Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան