Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» մարտին կցուցադրվի ՀՀ բոլոր կինոթատրոններում (PAN.am)

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ ֆիլմը 2027 թվականի մարտի 4-ից կցուցադրվի Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Պրեմիերային ներկա կլինեն նաև ֆիլմի միջազգային դերասանական կազմի ներկայացուցիչները։

«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի ստեղծագործական գործունեության չորրորդ լիամետրաժ կինոնկարն է։ Այն իրականացվել է Հայաստանի, Կիպրոսի և Լիտվայի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմը գիտաֆանտաստիկ արտհաուս դրամա է, որի ստեղծման ընթացքում կիրառվել են ժամանակակից առաջադեմ տեխնոլոգիաներ, հայտնում է Aysor.am-ը:

Կինոնկարի սյուժեն անդրադառնում է 2020 թվականի պատերազմի իրադարձություններին՝ միաժամանակ ուսումնասիրելով մարդկային հիշողության, արհեստական բանականության և հոգևոր վերածննդի թեմաները։

Հայաստանյան պրեմիերային նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող դերասանների մասնակցությունը։ Մասնավորապես, միջոցառմանը ներկա կլինեն հոլիվուդյան հայտնի դերասան Արմանդ Ասանտեն, գերմանացի դերասան Հայնո Ֆերխը և ռումինացի աշխարհահռչակ դերասանուհի Մայա Մորգենշտերնը։

Ցուցադրությանը կմասնակցեն նաև ֆիլմի դերասանական և ստեղծագործական խմբի մյուս ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր։

Նոյեմբերի 9-ին կինոնկարը ցուցադրվել է Լոս Անջելեսի Alex Theatre կինոթատրոնում։ Միջոցառումը համախմբել է բազմաթիվ կինոսերների, կինոարվեստի ոլորտի մասնագետների և մշակութային գործիչների։Նոյեմբերի 9-ի ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է դարձել ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու Ավետիսյանի նոր կինոաշխատանքը։

Դրան նախորդել է հոկտեմբերի 3-ին Warner Bros. Studios-ի Steven J. Ross կինոթատրոնում կազմակերպված հանդիսավոր առաջնախաղը, որը դարձել է ֆիլմի միջազգային ներկայացման կարևոր իրադարձություններից մեկը։

Երկու միջոցառումներն էլ զգալի հետաքրքրություն են առաջացրել կինոնկարի նկատմամբ՝ նպաստելով դրա միջազգային ճանաչելիության ընդլայնմանը և արտասահմանյան կինոհանրության շրջանում ներկայության ամրապնդմանը։

Leave a comment