Մետրոյի կայարանը պետք է կառուցի հայկական ընկերություն, ինչը չի նշանակում, որ գործընթացը չի իրականացվելու մրցույթով, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, հայտնում է Radar.am-ը:
«Ես ասել եմ՝ մետրոյի կայարանը պետք է կառուցի հայկական ընկերություն, ինչը չի նշանակում, որ էս գործընթացը չի իրականացվելու մրցույթով, չի նշանակում, որ հայկական ընկերություն ասելով՝ նաև չի ենթադրում միջազգային համապատասխան փորձ ունեցող ընկերության հետ կոնսորցիում։
Սա նշանակում է, որ բոլոր միջազգային ընկերությունները, որոնք ուզում են մետրոյի կայարանի կառուցմանը մասնակցել, պետք է ունենան տեղական գործընկեր, և սա արվում է, որ տեղական ընկերություն ունենալով՝ ունենանք տեղացի մասնագետներ, որոնք այս գործընթացքում այդ գիտելիքը ձեռք կբերեն»,- շեշտել է քաղաքապետը։
Ավելի վաղ նախատեսվում էր «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը սկսել 2024-ին, հետո ժամկետները տեղափոխվեցին 2025-ի վերջ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվական։ 2025թ․ բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված էր հատկացնել 9․6 մլրդ դրամ, որից հետո այդ գումարը կրճատվեց մինչև 1․4 մլրդ դրամ։ 2026-ի բյուջեի նախագծում լրացուցիչ ներառվել է ևս 2 մլրդ դրամ։
Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ 2025 թվականին «Աջափնյակ» կայարանի շինարարության համար նախատեսված միջոցների մի մասն ուղղվել է 12 մետր երկարությամբ 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։