Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունում խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր Սահմանադրության ընդունմամբ պայմանավորելու Ադրբեջանի մոտեցումը և պատրաստ է պայմանագիրը ստորագրել արդեն այսօր։
Նա հավելել է, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը բխում է Հայաստանի ներքին օրակարգից՝ միաժամանակ չբացառելով, որ դրա ընդունումը կարող է արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ, հայտնում է Արմենպրեսը:
«Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք համարում ենք, որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, և հենց այսօր էլ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,-ասել է Ռուբինյանը։
Ռուբինյանն անդրադարձել է նաև ընդդիմության հարցադրումներին՝ արդյոք Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը և նոր նախապայմաններ չի ներկայացնի։
ԱԺ նախագահի խոսքով՝ այդ հարցերն իշխանությունը տրամաբանական է համարել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է դրանց շուրջ մտածելու ու ընդդիմությանն առաջարկ ներկայացնելու մտադրության մասին։
«Եթե հավելյալ երաշխիքներ են պետք, գուցե արժի գնալ այդ երաշխիքների հետևից՝ ձեր առաջ բերած օրակարգի հարցի շուրջ»,-նշել է Ռուբինյանը։
Սահմանադրական խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար, ուստի դրա մշակման և բովանդակության վերջնական պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում առաջարկել է շարունակել սահմանադրական նախագծի մշակումը նախարարության ուժերով և այն հանրությանը ներկայացնել հենց գերատեսչության անունից։