Ջերմուկում նկատել են մայր արջին՝ քոթոթների հետ․ քաղաքացիներին զգուշացնում են հնարավոր վտանգի մասին (ՎԻԴԵՈ)

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ջերմուկում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։


Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։


Նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

  •  Մի՛ մոտեցեք արջերին և մի՛ փորձեք նրանց լուսանկարել կամ տեսանկարահանել մոտ տարածությունից։

  •  Մի՛ կերակրեք կենդանիներին և մի՛ փորձեք գրավել նրանց ուշադրությունը։

  •  Պահպանե՛ք հանգստություն, մի՛ վազեք և մի՛ կատարեք կտրուկ շարժումներ։

  •  Արջի հանդիպելիս դանդաղ հեռացե՛ք՝ կենդանուն թողնելով ազատ տեղաշարժվելու հնարավորություն։

  •  Հատկապես զգո՛ն եղեք ձագերի առկայության դեպքում։ Մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին։

  •  Մի՛ հավաքվեք կենդանիների շուրջ և մի՛ փակեք նրանց հեռանալու ճանապարհը

«Հիշե՛ք՝ վայրի կենդանիները բնական միջավայրի անբաժանելի մասն են, և նրանց հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ»,– հիշեցնում են նախարարությունից։


 


Leave a comment