OpenAI-ը լուծարել է ռոբոտաշինությամբ զբաղվող ստորաբաժանումը

Ամերիկյան OpenAI ընկերությունը լուծարել է ռոբոտաշինությամբ զբաղվող թիմը։ Այս մասին հայտնում է Fortune ամսագիրը։ Ստորաբաժանման աշխատակիցները տեղափոխվել են ընկերության այլ ստորաբաժանումներ։

Պարբերականի տեղեկություններով՝ ռոբոտաշինության մասնագետների մեծ մասն ընդգրկվել է ընկերության ընդհանուր հետազոտական խմբում, իսկ մյուս աշխատակիցներն անցել են կիրառական ուղղություններով զբաղվող ստորաբաժանումներ։

OpenAI-ի ներկայացուցիչը Fortune-ին հայտնել է, որ կադրային այս որոշումը չի նշանակում, թե ընկերությունը հրաժարվում է ռոբոտաշինության հետագա զարգացումից։ Ռոբոտների ստեղծման ուղղությամբ աշխատող մասնագետների վերաբաշխումը պայմանավորված է ընկերության՝ թվային արհեստական բանականության մոդելների և ֆիզիկական աշխարհի փոխազդեցության ոլորտում փորձագետներին այլ նախագծերում ներգրավելու ցանկությամբ։ Խոսքը, մասնավորապես, ChatGPT չաթբոտի և Sora արհեստական բանականությամբ աշխատող տեսանյութերի գեներատորի մասին է։

Պատճառն այն է, որ ընկերության հիմնական նախագծերի AI գործակալները «հստակ պատկերացում չունեն, թե ինչպես է գործում իրական աշխարհը»։

OpenAI-ը հետազոտություններ է իրականացնում ռոբոտաշինության և արհեստական բանականության՝ ֆիզիկական աշխարհի հետ փոխազդեցության ոլորտներում։ Ընկերության աշխատանքի ուղղություններից մեկը շրջակա միջավայրն ընկալելու, գործողությունները վերլուծելու և ֆիզիկական օբյեկտները կառավարելու ունակ մոդելների ստեղծումն է։

Նման տեխնոլոգիաները կարող են կիրառվել արդյունաբերության, լոգիստիկայի և կենցաղային ռոբոտաշինության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, նման համակարգերի մշակումը պահանջում է ոչ միայն արհեստական բանականության ալգորիթմների կատարելագործում, այլև դրանց ուսուցում իրական աշխարհի վերաբերյալ տվյալների հիման վրա։

Հետազոտական ստորաբաժանումների վերակազմավորումը կարող է OpenAI-ին հնարավորություն տալ կուտակված գիտելիքներն օգտագործել առկա արտադրանքների, այդ թվում՝ ChatGPT-ի և Sora-ի զարգացման համար՝ միաժամանակ չդադարեցնելով ռոբոտաշինության ոլորտում հետազոտությունները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment