Ներկայումս հստակություն չկա Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակման պարամետրերի կամ ուղենիշների վերաբերյալ․ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռյաբկովի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացված հրահանգներին խստորեն համապատասխան։ «Կցանկանայի նշել, որ այս պահի դրությամբ այս գործընթացի շարունակման պարամետրերի կամ որևէ կոնկրետ ուղենիշի վերաբերյալ պատկերացում չկա», – ասել է դիվանագետը։
Նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Քննարկումները վերաբերել էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությանը և գերիների լայնածավալ փոխանակմանը։ Նոյեմբերի 16-ին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներն ու Սթիվեն Վիտկոֆֆը բանակցություններ էին վարել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Ուշակովի խոսքով՝ նրանք քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում «արձանագրված առաջընթացը»։ Բացի այդ, Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները քննարկումներ էին ունեցել ուկրաինական և եվրոպական պատվիրակությունների հետ, որից հետո Քուշները ներկայացրել է հակամարտության՝ ուկրաինական կողմի համար հաջող ելքի «երեք հիմնական սյուները»։