«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ հայտարարության նախագծին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, լիագումար նիստերի դահլիճում ներկայացնելով նախագիծը, հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարության լուրջ հետընթաց է արձանագրվում, իսկ տասնյակ քաղաքացիներ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների և համոզմունքների համար։

«Մենք այսօր ունենք մի իրականություն, երբ մեր տասնյակ հայրենակիցներ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների, համոզումների համար, նաև այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով»,- ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ Հայաստանի առաջատար չորս քաղաքական ուժերի առաջնորդների՝ անազատության մեջ գտնվելը իշխանությունների խոստացած ժողովրդավարության իրական պատկերի վկայությունն է։

«Այսօր այն իրողությունը, որ Հայաստանի առաջատար չորս քաղաքական ուժերի առաջնորդները գտնվում են ճաղավանդակների ետևում, այս քաղաքական մեծամասնության խոստացած ժողովրդավարության լավագույն, չակերտավոր դրսևորումն է»,- հայտարարեց պատգամավորը։

Գալստյանը հավելեց, որ անկախ իշխանական մեծամասնության դիրքորոշումից՝ ընդդիմության համատեղ հայտարարությունը դառնալու է հանրային սեփականություն։

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հակադարձեց ընդդիմադիր գործընկերոջը՝ նշելով, որ նախագծում տեղ գտած գնահատականները կեղծ են և չհիմնավորված։

Եղոյանն ասաց, որ թեև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առումով դեռ անելիքներ կան, այդ հարցում իշխանությունը Դաշնակցության հետ քննարկելու բան չունի։

«Ով-ով, բայց եթե մենք բարելավելու տեղ էլ ունենք ժողովրդավարական բարեփոխումներում, ապա Դաշնակցության հետ այդ հարցում անելիք մենք չունենք: Ով խոսի ժողովրդավարությունից, Դաշնակցությունը թող խոսի, չգիտեմ, պատմական արդարությունից, պատմական իրավունքներից, Մեծ ու Փոքր Հայքերից… Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարական, այսպես կոչված, հետընթացի մասին հայտարարություն եք բերում»,- ասաց Եղոյանը։

ՔՊ-ական պատգամավորը նաև անդրադարձավ Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսին՝ ներկայացնելով Հայաստանի ցուցանիշների փոփոխությունը տարբեր տարիներին։

Նրա խոսքով՝ Հայաստանը 2016 թվականին ունեցել է իր ամենացածր ցուցանիշը՝ 3.88 միավոր՝ հնարավոր 10-ից, մինչդեռ վերջին երեք տարիներին ցուցանիշը կազմել է 5.35 միավոր, իսկ 2022 թվականին հասել է 5.63-ի։

Եղոյանը հիշեցրեց, որ 2022 թվականին ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ հայտարարելով Հայաստանում ժողովրդավարության բացակայության մասին, մինչդեռ, ըստ նրա, հենց այդ ժամանակ էր արձանագրվել երկրի ժողովրդավարության ամենաբարձր ցուցանիշը։

«Այն ժամանակ, երբ որ իրենք խորոված էին անում Բաղրամյան պողոտայի վրա, ասում էին՝ «ժողովրդավարություն չկա», այդ ժամանակ էր ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել 2022 թվականին: Իշխան Սաղաթելյանը, երբ որ այնտեղ ցույց էր անում, այն ժամանակ էլ էին ասում չկա, հիմա էլ են ասում չկա»,- նշեց Եղոյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ միջազգային զեկույցներում Հայաստանի քաղաքական մշակույթի գնահատականի վրա ազդում են ոչ միայն իշխանությունների գործողությունները, այլև ընդդիմության քաղաքական խոսույթն ու որդեգրած արժեքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment