Երևանի ավագանու նիստի ընթացքում բուռն քննարկում էր ծավալվել երաժշտական դպրոցներից մեկի տնօրենի մասնակցությամբ համացանցում տարածված՝ ենթադրյալ թմրանյութի օգտագործման տեսանյութի և դրան հաջորդած գործընթացների շուրջ։
Նիստի ընթացքում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը բարձրացրեց հարցը՝ ուղղված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանին։
Ընդգծելով, որ երաժշտական դպրոցների համար գործիքների գնումը դրական քայլ է, ավագանու անդամը զուգահեռ հետաքրքրվեց, թե ինչ ընթացակարգով է նշանակվում երաժշտական դպրոցի տնօրենը, արդյո՞ք նրա նշանակման կամ բարեվարքության գնահատման հարցը որոշում է ծնողկոմիտեն, և արդյո՞ք տվյալ դեպքից հետո կատարվել է բարեվարքության կանոնների ստուգում։
Ավագանու անդամը շեշտեց, որ խնդիրը որևէ կերպ պայմանավորված չէ տնօրենի սեռով, այլ վերաբերում է պաշտոնին և երեխաներին, քանի որ այդ դպրոց է հաճախում շուրջ 900 աշակերտ, որոնց շրջանում նույնպես տարածվել է տեսանյութը։
Նա քննադատեց Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի կողմից ծնողների հետ ժողով անցկացնելու և հարցը նման կերպ կարգավորելու մոտեցումը՝ հարցադրում անելով, թե էթիկական ինչ նորմեր են այդտեղ քննվել։
Ի պատասխան՝ Գոշ Սարգսյանը նախ պարզաբանեց տնօրենի նշանակման ընթացակարգը․ նոր նշանակման դեպքում վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետի համաձայնությամբ ներկայացնում է թեկնածուին, նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո անցկացվում է մրցույթ և կատարվում հիմնական նշանակում։
Ինչ վերաբերում է միջադեպին, պաշտոնյան ընդգծեց, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել երեք բաղադրիչ՝ մարդու անձնական կյանքը, որը ենթադրում է հարգանք, մասնագիտական գործունեությունը, որը գնահատվում է մասնագիտական չափանիշներով, հնարավոր իրավախախտումների իրավական գնահատականը, ինչը բացառապես իրավասու մարմինների գործառույթն է։ Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանի առաջնահերթությունը կրթական հաստատության բնականոն գործունեության ապահովումն է։
Արձագանքելով պատասխանին՝ ավագանու անդամը պնդեց, որ երբ տեսանյութը դարձել է հանրային, իսկ անձը զբաղեցնում է երեխաների հետ առնչվող պաշտոն, հարցը դուրս է գալիս միայն անձնական կյանքի շրջանակից։ Նա մտահոգիչ համարեց, որ վարչական շրջանի ղեկավարն ու որոշ պետական կառույցների աշխատակիցներ, կարծես թե, «ողջունում կամ գովելի են դարձնում» կատարվածը։
Քննարկմանը միջամտեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նախ նկատեց, որ երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը հանրային պաշտոն չէ և տարբերվում է, օրինակ, ավագանու անդամի պաշտոնից, թեև տնօրենը պատասխանատու է սաների և դպրոցում ընթացող գործընթացների համար։ Անդրադառնալով անձնական կյանքի սահմաններին՝ Ավինյանը նշեց, որ կամա թե ակամա բոլորն արդեն հայտնվել են տվյալ անձի անձնական կյանքի տիրույթում։ Նա ներկայացրեց իր ենթադրությունը, ըստ որի՝ նախկին ամուսինը տեսանկարահանել է այդ նյութը, ենթադրաբար շանտաժի ենթարկել ու գույքային պահանջներ ներկայացրել, իսկ համաձայնության չգալուց հետո՝ հրապարակել այն։
«Իսկ որ ավելի վատ բան լիներ տեսաձայնագրված՝ օրինականության հետ կապ չունեցող, զուտ իրենց ընտանեկան կյանքին վերաբերող, թաքնված տեսախցիկով տանը նկարահանված։ Ուզում եմ ասել՝ կա՛մ մտնում ենք անձնական կյանք, կա՛մ չենք մտնում։ Սա պետք է որոշել ի սկզբանե»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում վարչական շրջանի ղեկավարը հրավիրել է ծնողներին՝ հասկանալու նրանց վերաբերմունքը տնօրենի նկատմամբ։
Ավինյանի խոսքով՝ ծնողները միաբերան խնդրել են պահել տնօրենին, քանի որ գոհ են նրա աշխատանքից, սիրում և հարգում են նրան՝ անկախ անձնական կյանքին վերաբերող տեսանյութից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին համացանցում տարածվել էր Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ տեսանյութ, որում, ըստ հրապարակումների, նա կաթուցիչի միջոցով անհայտ նյութ է ծխում։
Տեսանյութի տարածումից հետո Մկրտչյանը հայտարարել էր, որ այն նկարահանվել է շուրջ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնու հեռախոսով։ Տնօրենի պնդմամբ՝ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինն իրեն շանտաժի է ենթարկել՝ սպառնալով հրապարակել տեսանյութը և պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իր մասնաբաժնից։ Մկրտչյանը հայտնել էր, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ խնդրելով չտարածել իր անձնական կյանքին վերաբերող տեսանյութը։ Նոյեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը նույնպես անդրադարձել էր միջադեպին՝ կոչ անելով հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։ Նա իր աջակցությունն էր հայտնել դպրոցի տնօրենին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան