Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները

Քաղաքականություն

17.11.2026 | 12:18

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։

Հիշեցնենք՝ հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով։ Դրա նպատակն է քննարկել և լուծումներ գտնել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող հարցերին։ Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։

Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Ավելի վաղ թեմային անդրադարձել է նաև Factor TV-ն։ Հայկական երկաթուղիների՝ ռուսական կոնցեսիոն կառավարումը դադարեցնելը Հայաստանի կառավարությունը գնահատում է շուրջ 100 մլրդ դրամ կամ 275 մլն դոլար։ Սա ՀՀ Ֆինանսների նախարարության մասնագետների հաշվարկն է՝ վատագույն սցենարի դեպքում։

Մինչդեռ ռուսական կողմը հնչեցրել է 396,3 մլն դոլար փոխհատուցման արժեք։ 

Եվգենյա Համբարձումյան

 

 

 

Leave a comment