Եվրոպան «անպատասխանատու» կերպով է վարվում՝ Ռուսաստանի հետ բանակցությունները «պատվիրակելով» (փոխանցելով) Միացյալ Նահանգներին. ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Նախագահի խոսքով՝ եվրոպացիները պետք է ինքնուրույն ներգրավվեն նման բանակցություններում։
«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ եվրոպական շփումները պատվիրակել ենք ուրիշներին, և կարծում եմ՝ դա անպատասխանատու է», – հայտարարել է Ստուբը բրիտանական «Financial Times» թերթին տված հարցազրույցում։
Ֆինլանդիայի նախագահը նաև առաջարկել է, որ եվրոպացի առաջնորդները «ուղղակիորեն կապ հաստատեն» Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։
Նա նաև կոչ է արել եվրոպացի առաջնորդներին՝ «լինել իրատես» և գիտակցել, որ առանց Ռուսաստանի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել հնարավոր չէ։
Հոկտեմբերի 27-ին, ֆիննական և նորվեգական կողմերի նախաձեռնությամբ, Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց էին ունեցել Պուտինի հետ։ Առաջնորդները քննարկել էին իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև անվտանգության հարցերը Բալթյան տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում։ Նրանք նաև ողջունել էին Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները (Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ) վերսկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։