Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին

Քաղաքականություն

17.11.2026 | 11:38

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը նոյեմբերի 17-ին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին՝ երկաթուղու կառուցման ընթացքում 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին, գրում է The Insider-ը։

Նա հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։ Խուրելսուխը հերքում է իր առնչությունը կոռուպցիային և մտադիր է հասնել իր հեղինակության վերականգնմանը։ Նրա հրաժարականի համար անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը։

«Երեկ Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարեց, որ Մոնղոլիայի նախագահը պետք է հրաժարական տա և հետաքննություն անցնի։ Ես համաձայն եմ դրա հետ»,- հայտարարել է Խուրելսուխը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում անհայտ խմբավորումները տարածել են մեղադրանքներ, որոնց նպատակն է եղել վարկաբեկել անձամբ իրեն և նախագահի ինստիտուտը։

Կոռուպցիոն սկանդալը կապված է Տավան-Տոլգոյ-Գաշունսուխայթ երկաթուղու կառուցման հետ։ Այն Մոնղոլիայի ածխի խոշորագույն հանքավայրերից մեկը կապում է Չինաստանի հետ սահմանին։ Դեռևս 2026 թվականի մարտին երկրի նախկին վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն հայտարարել էր, որ երկաթուղու շինարարությամբ զբաղվող Bodi International ընկերությունը ստացել է շուրջ 110 միլիոն դոլարի կանխավճար, որն այնուհետև, իբր, կանխիկացվել և բաշխվել է բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Ուլան Բատորի նախկին քաղաքապետ Խիշգեեգիյն Նյամբաաթարը Ուխնաագիյն Խուրելսուխին մեղադրել է այդ գումարից 25 միլիոն դոլար ստանալու մեջ։

Նոյեմբերի 9-ին Մոնղոլիայի հակակոռուպցիոն մարմինը հայտնել է, որ հետաքննում է ենթադրյալ կաշառքների փոխանցման հանգամանքները։ Քննությունը հաստատել է կապալառուին 286 միլիարդ տուգրիկի կանխավճարի փոխանցման փաստը, սակայն չի հայտնաբերել ապացույցներ, որ այդ գումարը կանխիկացվել է ԱՄՆ դոլարով և բաշխվել պաշտոնյաների միջև։ Bodi International ընկերությունը հերքել է կոռուպցիայի մեղադրանքները։

Նոյեմբերի 16-ին Մոնղոլիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը պահանջել է նախագահի և կոռուպցիոն մեղադրանքներում հիշատակվող մյուս պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։ Պատգամավորները նաև հանդես են եկել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու օգտին։ Նախաձեռնությանն աջակցել են խորհրդարանում կուսակցության բոլոր 42 ներկայացուցիչները։

Խուրելսուխը դեռևս մնում է որպես նախագահ։ Մոնղոլիայի օրենսդրության համաձայն՝ նրա հրաժարականի դիմումը պետք է քննարկի երկրի խորհրդարանը՝ Մեծ պետական խուրալը։ Սկզբում հարցը կուսումնասիրի համապատասխան հանձնաժողովը, որից հետո պատգամավորները քվեարկություն կանցկացնեն։ Եթե խորհրդարանը հաստատի հրաժարականը, մինչև նոր նախագահի ընտրությունը պետության ղեկավարի պարտականությունները կկատարի խորհրդարանի նախագահը։ Մոնղոլական iSee պարբերականի հաղորդմամբ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարականի դիմումը նախատեսվում է խորհրդարան փոխանցել նոյեմբերի 17-ին։

Խուրելսուխը Մոնղոլիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունիսից։ Մինչ այդ, նա ղեկավարել է երկրի կառավարությունը։ Նրա նախագահական լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment