ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների ներմուծման կարգի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ, բացի ԵՏՀ խորհրդի 20.12.2017 թ. N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերից, ՀՀ կառավարության 21.05.2026 թ. N 715-Ն որոշմամբ սահմանվել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունից անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակներ։

Կարևոր է իմանալ, որ եթե ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների քանակը գերազանցում է ՀՀ կառավարության N 715-Ն որոշմամբ սահմանած չափաքանակները, բայց չի գերազանցում ԵԱՏՄ 20.12.2017 թ. N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերը, ապա մաքսատուրքերը և հարկերը հաշվարկվում են միայն թույլատրելի չափաքանակը գերազանցող մասի արժեքի նկատմամբ։ Իսկ եթե ներմուծվող ապրանքները գերազանցում են վերոհիշյալ՝ N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերը, սակայն չեն գերազանցում N 715-Ն որոշմամբ սահմանած նորմերը, ապա առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորություն՝ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված կանոններով։

Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համառոտ բնութագրերին, ինչպես նաև առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման թույլատրելի չափաքանակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ ներմուծման թույլատրելի չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև exim.src.am հարթակում։

Նշենք, որ ՀՀ կառավարության սահմանած չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ անձնական օգտագործման ապրանքներ չեն համարվում։

Միաժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ որոշ դեղերի և դեղագործական արտադրանքների համար գործում է առանձին կարգավորում․ այդ ապրանքատեսակները Հայաստան կարող են ներմուծվել Կառավարության սահմանած առանձին դեպքերում, կարգով և չափաքանակներով։

Leave a comment