ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆն ու Ջարեդ Քուշները նախատեսում են հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Բեռլինում հանդիպել Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ․ այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ամերիկյան պաշտոնյայի խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակն է մշակել անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետագա հարձակումները, ինչպես նաև քննարկել ուկրաինական տնտեսության հետպատերազմյան վերականգնման ծրագրերը։
Բեռլինյան հանդիպումը տեղի է ունենում Թրամփի վարչակազմի՝ Կիեւի, եվրոպական տարբեր մայրաքաղաքների և Մոսկվայի հետ շարունակվող շփումների ֆոնին։ ԱՄՆ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ՝ միաժամանակ բանակցություններ վարելով ռուսական կողմի հետ։
Ինչպես նշել է Axios-ը, Գերմանիայում կայանալիք հանդիպումը և Թրամփի այցը Չինաստան Վաշինգտոնի կողմից իրականացվող համակարգված դիվանագիտական ջանքերի մաս են կազմում։
Մասնավորապես, ԱՄՆ նախագահին Չինաստան կուղեկցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք բոլորը տեղեկացված են Ուկրաինայի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի մասին։