Ռուսաստանին մեղարդել են օդային տարածքի խախտման մասին

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու ռուսական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին։

Ըստ նախարարության՝ միջադեպերը տեղի են ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ափերի մոտ Օկինոսիմա կղզու շրջանում։

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ առաջին ինքնաթիռը երկրի օդային տարածքում է գտնվել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:07-ից մինչև 04:10-ը (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 16-ի 23:07-ից մինչև 23:10-ը), իսկ երկրորդը՝ 04:09-ից մինչև 04:12-ը (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 16-ի 23:09-ից մինչև 23:12-ը)։

Ի պատասխան՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը օդ են բարձրացրել Արևմտյան հակաօդային պաշտպանության ուժերի կործանիչները, որոնք նախազգուշացումներ են հղել ինքնաթիռների անձնակազմերին, հայտնում են նախարարությունից։

Նախարարությունը նաև հաղորդել է, որ ինքնաթիռները (որոնք, ենթադրաբար, ռուսական են) անցել են Ցուսիմայի նեղուցով, այնուհետև շարժվել Յոնագունի կղզու և Թայվանի միջով՝ ի վերջո մուտք գործելով Խաղաղ օվկիանոս։

Ճապոնական կողմը ինքնաթիռների պատկանելությունը բնորոշել է որպես «ենթադրյալ» [ռուսական]։ «Ռուսական ինքնաթիռի կողմից մեր ազգային օդային տարածքի խախտումը ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության լուրջ ոտնահարում է, այլև սպառնալիք մեր անվտանգությանը, և դա բացարձակապես անընդունելի է», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

 

Ճապոնիան հայտնում է ռուսական ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի խախտման մասին։

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն նաև հայտարարել է, որ մի քանի ռուսական ռազմական ինքնաթիռներ վաղ առավոտյան մտել են Կորեայի օդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ), ինչը ստիպել է զինվորականներին ի պատասխան օդ բարձրացնել կործանիչներ։

Օդային պաշտպանության նույնականացման գոտին (ADIZ) նշանակված տարածք է, որը ստեղծվել է երկրի օդային տարածքին մոտեցող ռազմական ինքնաթիռների վաղ հայտնաբերման և դրանց արձագանքման համար։

Ռոյթերսը գրել է, որ Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ երկու ռուսական ռազմական ինքնաթիռներ մտել են կղզու օդային պաշտպանության նույնականացման գոտի հյուսիս-արևելքից։ Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը թռել է Թայվանի արևելքում օդային տարածքով՝ նախքան Թայթունգ շրջանից դեպի հարավ գոտուց դուրս գալը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ նման պարեկությունների ժամանակ ռուսական ինքնաթիռները խստորեն հետևում են միջազգային իրավունքին, չեն խախտում այլ պետությունների օդային տարածքը, և որ այդ գործողությունները ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։

Leave a comment