Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Քաղաքականություն

16.11.2026 | 22:10

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Էդ Միլիբենդի միջև այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը։

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների առաջնորդների հանդիպման նշանակությունը, որը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) վերջին գագաթնաժողովի շրջանակում, ինչպես նաև Ադրբեջանի  և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ընդունման կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել փաստաթղթում ընդգրկված ուղղություններով համագործակցությունը կոնկրետ բովանդակությամբ հարստացնելու և գործնական արդյունքների հասնելու հեռանկարների շուրջ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ներկա իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման, հաղորդակցությունների բացման և տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment