5000–ի փոխարեն 20․000 դրամ․ ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները կարող են քառապատկվել
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները կարող են քառապատկվել։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համապատասխան օրենսդրական փաթեթին, որն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Նախագիծը նոյեմբերի 16-ին հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ նպաստում են խցանումների առաջացմանը, իսկ մյուսները վտանգում են վարորդների, ուղևորների և հետիոտների անվտանգությունը։
Ինչ տուգանքներ են նախատեսվում
Մասնավորապես, առաջարկվում է՝
- «Մուտքն արգելվում է», «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և բեռնատարների համար երթևեկության ուղղությունը սահմանող նշանների պահանջները խախտելու համար տուգանքը 5000 դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև 2 տուգանային միավոր։
- «Կանգառն արգելվում է» նշանի կամ համապատասխան գծանշման պահանջները խախտելու համար սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
- Երթևեկելի մասի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև Երևանում հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար տուգանքը 5000 դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ, իսկ տուգանային միավորները՝ 0,25-ից հասցնել 1-ի։
- Կանգառի կամ կայանման կանոնների խախտման հետևանքով մեքենան տարհանելու դեպքում տուգանքը 20 հազար դրամից բարձրացնել մինչև 29 հազար դրամ, իսկ տուգանային միավորները՝ 0,5-ից հասցնել 1-ի։
- Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000 դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով 1 տուգանային միավոր։
Նախագծով պահպանվելու է տուգանքները արտոնյալ պայմաններով վճարելու հնարավորությունը։ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ սահմանված արտոնություններից օգտվելու դեպքում 20 հազար դրամ տուգանքը կարող է նվազել մինչև 11 200 դրամ։
Վարորդներին կստուգեն նաև թմրամիջոցների օգտագործման համար
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ընդլայնել վարորդների սթափության ստուգման հնարավորությունները։ Մասնավորապես, տեխնիկական միջոցների կիրառմամբ տեղում հնարավոր կլինի պարզել՝ արդյոք վարորդը թմրամիջոց է օգտագործել, այդ թվում՝ թքի նմուշի միջոցով։
Միաժամանակ, թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար գործող պատժամիջոցը չի փոխվի․ վարորդը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից երկու տարի ժամկետով։
Նոր սահմանափակումներ՝ էլեկտրական ինքնագլորների համար
Փոփոխությունների առանձին խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին, այդ թվում՝ էլեկտրական ինքնագլորներին։
Առաջարկվում է դրանց վարումը թույլատրել 16 տարին լրացած անձանց, իսկ մայթերում և հետիոտնային գոտիներում առավելագույն արագությունը սահմանել ժամում 10 կմ։
Նախատեսվում է նաև իրավական հիմք ստեղծել ինքնագլորների վրա ծրագրային կամ սարքային արագության սահմանափակիչներ տեղադրելու համար, որոնք թույլ չեն տա գերազանցել սահմանված արագությունը։
Փոփոխություններ՝ խախտումների արձանագրման հավելվածում
ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև քաղաքացիների կողմից ճանապարհային խախտումները տեսանկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու հավելվածի օգտագործման պայմաններին։
Առաջարկվում է վերացնել օգտատերերի՝ անձը հաստատող փաստաթղթով խիստ նույնականացման պահանջը, ինչպես նաև նույն ավտոմեքենայի խախտումների տեսագրությունները ներկայացնելու քանակային սահմանափակումը։
Նշենք, որ օրենսդրական փաթեթը դեռ պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից։ Հետևաբար, առաջարկվող փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել։