Երեքուկես տարվա պաշտոնավարումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի լիազորությունները։
Խորհուրդը որոշումը կայացրեց շաբաթ երեկոյան՝ փակ դռների հետևում մի քանի ժամ քննելով Գլխավոր դատախազության կողմից Մելքոնյանի և դատավոր Գևորգ Պողոսյանի մասով ներկայացված միջնորդությունները։ ԲԴԽ-ն նրանց զրկեց անձեռնմխելիությունից՝ համաձայնություն տալով երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ Դատավորներին արգելվել է լքել երկրի տարածքը։
Մելքոնյանը Factor TV-ին այսպես մեկնաբանեց տեղի ունեցածը․ «Գտնում եմ, որ հիմնավորված չէ մեղադրանքը, առավել ևս՝ դատավորի անձեռնմխելիության շեմը հաղթահարելու տեսանկյունից։ ԲԴԽ-ին ներկայացված փաստերը բավարար չէին դատավորների անձեռնմխելիության շեմը հաղթահարելու և թույլատրելի համարելու համար, իսկ մեղադրանքն ընդհանրապես հիմնավորված չէ»։
Մելքոնյանն այս պահին զերծ է մնում գործով մանրամասներ հայտնելուց՝ պատճառաբանելով, որ նախաքննական մարմնի կողմից զգուշացվել է՝ գործի մասին չխոսել։
«Ես Ձեզ եմ ասում՝ ժամանակը կգա, կշփվենք, ես բոլոր փակագծերը կբացեմ»,- նշեց դատավորը։
Մասիս Մելքոնյանին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, այն է՝ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ փոխել է իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը և 1 մլն 200 հազար դրամ գրավ կիրառել: Փաստացի, առավել մեղմ խափանման միջոցը փոխել է առավել խիստ խափանման միջոցով: Գործի ուսումնասիրությամբ, սակայն, պարզ է դառնում, որ մեղադրյալը բարեխղճորեն վերադարձել է ՀՀ, նրա վերաբերյալ դատական նիստեր են կայացել, ապա Մելքոնյանը նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել: Կա՞, արդյոք, հանցակազմ դատավորների գործողություններում։
«Լավագույն դեպքում կարող էր կարգապահական վարույթի շրջանակում քննարկվել, և որոշում կկայացվեր, թե ինչպիսի պատասխանատվության կարող է ենթարկվել կամ կենթարկվի՞, թե՞ ոչ։ Բայց քրեաիրավական դաշտում ես, այս պահի դրությամբ, միանշանակ ասում եմ, որ անհիմն մեղադրանք է, և Բարձրագույն դատական խորհուրդն էլ, եթե օրենքի շրջանակում գործեր, պետք է համապատասխան թույլտվությունը չտար»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց լիազորությունները դադարեցված դատավոր, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
Թեև Մասիս Մելքոնյանի գործունեությունը որպես դատավոր համեմատաբար կարճ է եղել, սակայն այդ ընթացքում բազմաթիվ քննադատություններ են հնչել նրա հասցեին՝ որպես, այսպես ասած, «իշխանությունների սրտի դատավոր» կամ «կալանք տվող դատավոր»։ Մի շարք հնչեղ գործերով հենց Մելքոնյանի որոշումներով են կալանավորվել Բագրատ, Արշակ և Միքայել արքեպիսկոպոսները, Լևոն Քոչարյանը, Նարեկ Սամսոնյանը, Նարեկ Մալյանը, փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Մուշեղ Շուշանյանը, Տիրան Խաչատրյանը, ՀՅԴ անդամներ Գերասիմ Վարդանյանն ու Վահե Դանիելյանը և այլք։
«Շատ հաճախ մենք տեսել ենք իրավիճակ, որ քաղհասարակությունը, մարդիկ, ակտիվ քաղաքացիները, ովքեր արդեն պատկերացում ունեն գործընթացների վերաբերյալ, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակներում անմիջապես կռահում են, թե տվյալ գործը ում է մակագրվելու, և մեծամասամբ չեն էլ սխալվել, օրինակ, տվյալ դատավորի պարագայում ինչ ելք է ունենալու այդ քաղաքական գործը։ Չի եղել գեթ մեկ դեպք, երբ քաղաքական գործ մակագրվեր տվյալ դատավորին և չունենար կալանքի ելք»,- ընդգծում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Իշխանության ներկայացուցիչները, այնինչ, կտրուկ հերքում են, թե ունեն «սրտի դատավորներ»։
«Մենք ոչ մի դատավոր չունենք վստահաբար, որ կատարում է հրամաններ, որովհետև դատական իշխանությունն անկախ է, այդ մասին էլ բազմիցս խոսել ենք։ Եվ այստեղ այդ հարցի հետ կապված մի երկակիություն ասեմ՝ այդ նույն դատավորները, եթե ընդդիմադիրներին կամ այլոց քիմքին հաճո որոշումներ են կայացնում, ապա այդ մարդկանց մասին որևէ խոսք չի լինում, հետևաբար, կարծես թե այդտեղ ճիշտ բնորոշումներ չկան և, առավել ևս, դատավորների վերաբերյալ չարժե նման որակումներ տալ։ Հետևենք ուղղակի իրավական գործընթացներին»,- նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
2018 թվականից հետո դատական իշխանությունից դժգոհությունները չեն մարել։ Ընդդիմությունն իշխանությանը պարբերաբար մեղադրում է իրավապահ համակարգին հրահանգներ իջեցնելու, իշխանությունը, իր հերթին, դատական իշխանության մի հատվածին՝ նախկին իշխանությունների շահերը սպասարկելու մեջ։
«Դատավորների անկախությունը պետք է երաշխավորված լինի օրենքով, եթե օրենքը չի գործում, ո՞նց կարող էր երաշխավորված լինել։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ կազմված է նաև այդ դատավորներից, չէ՞։ Հիմա դատական իշխանության անկախությունից ենք բողոքում բոլորս, եթե մի տեղ խնդիր ունենք, այդ նույն համակարգում, առկա է մյուս մարմինը, չենք կարող խնդիր չունենալ։ Ավելին՝ այնտեղ խնդիրներն ավելին են, քան թե դատական համակարգում»,- ասում է Գիվի Հովհաննիսյանը։
Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ է եղել և մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ լինելով կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ համարը։ Նա նաև անցել է քրեական գործով, սակայն ոչ միայն այս, այլև քաղաքական գործիչ լինելու հանգամանքը ԲԴԽ-ն խնդրահարույց չի համարել նրան դատավորի թեկնածու ընտրելիս: Բայց երբ նրա թեկնածությունն առաջարկվել էր նախագահ Վահագն Խաչատուրյանին, վերջինս առարկություններով հետ էր վերադարձրել ԲԴԽ-ի առաջարկը։ ԲԴԽ-ն առարկությունները չէր ընդունել, ու թեև այս դեպքում Նախագահը լիազորություն ուներ նաև դիմելու Սահմանադրական դատարան, իր այս լիազորությունից չի օգտվել։ Մելքոնյանը դատավոր է դարձել իրավունքի ուժով և դատավորի երդում տվել ոչ թե նախագահական նստավայրում, այլ Բարձրագույն դատական խորհրդում։ Նրա վարկանիշը դատավորների գնահատման համակարգում -2 է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան