ՌԴ–ում Անդրեասյանը քննարկել է ՀՀ գիտական կառույցների հետ համագործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դպրոցականները և ուսուցիչները հնարավորություն կունենան յոթօրյա ուսուցողական այցով գալ Դուբնայ` ծանոթանալու ժամանակակից գիտության նվաճումներին, ինստիտուտի գիտական ենթակառուցվածքներին և հետազոտական աշխատանքներին։ Այդ մասին ասել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունելիս, որը Ռուսաստան կատարած այցի շրջանակում այցելել էր ինստիտուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը Տրուբնիկովն իր պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի այդ այցը կայանա։

Անդրեասյանն ինստիտուտում հանդիպել է նաև հայազգի անվանի գիտնական, ակադեմիկոս, Մենդելեևի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի հետազոտող և սինթեզող Յուրի Հովհաննիսյանի հետ։

Նախարարը Հովհաննիսյանի և Տրուբնիկովի հետ քննարկել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ համատեղ գիտական հետազոտությունների, փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստումների և երիտասարդ գիտնականների ներուժի զարգացման ուղղություններով։

ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախարար Անդրեասյանին են ներկայացվել նաև ինստիտուտի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, լաբորատոր ենթակառուցվածքները, իրականացվող հետազոտությունները և վերջին տարիների գիտական ձեռքբերումները։

Նշենք, որ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է հետազոտություններ, որոնց արդյունքում Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է նոր գերծանր տարրերով, մասնավորապես՝ 118-րդ տարրը՝ Օգանեսոնը, կոչվել է ի պատիվ նրա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։

Leave a comment