Փոքր Մհերը հակառակորդին գտնում է իր մեջ․ «Սասնա ծռեր» էպոսի հոգեբանական խորքային շերտերը

Բաժանորդագրվել

«Էպոս և փսիխե» աշխատության հեղինակը խոսել է «Սասնա ծռերի» առաձնահատկության մասին։

«Սասնա ծռեր» էպոսը ոչ միայն պատմական ու մշակութային ժառանգություն է, այլև մարդու հոգեկանում տեղի ունեցող խորքային գործընթացների խորհրդանշական արտահայտություն։ «Ուրիշ նորությունների» եթերում «Էպոս և փսիխե» աշխատության հեղինակ Արամ Խաչատրյանը Յունգյան վերլուծական հոգեբանության դիտանկյունից ներկայացրել է մեր էպոսի հոգեբանական նշանակությունը։

Նրա խոսքով՝ հայկական էպոսի առանձնահատկություններից մեկը չորս ճյուղերի առկայությունն է։ Ըստ յունգյան հոգեբանության՝ 4 թիվն ամբողջականության, կառուցվածքավորվածության և կենտրոնի շուրջ համախմբվելու խորհրդանիշն է, ինչպես նաև հոգեկանի կենտրոնական արքետիպի՝ ինքնության արտահայտման հիմնական սիմվոլներից մեկը։

«Յունգը, երբ խոսում է ինքնության՝ մեր հոգեկանի կենտրոնական միավորի մասին, դրա արտահայտման սիմվոլներից մեկը չորս թիվն է։ Այնտեղ առաջին երեք բաղադրիչները պետք է իրար նման լինեն, իսկ չորրորդը պետք է խիստ տարբեր լինի մնացած երեքից, որ կարողանանք ունենալ ոչ թե միաբևեռ երեք միավոր, այլ չորս ամբողջացած, որում կան նաև իրարից տարբեր բաղադրիչներ»,- նշել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ էպոսի հոգեբանական մեկնաբանության մեջ կարևոր նշանակություն ունի նաև հերոսների և նրանց հակառակորդների հարաբերությունը։ Սանասարի և Բաղդասարի կերպարներից սկսած՝ հակադրության գործընթացը աստիճանաբար խորանում է՝ շարունակվելով Մեծ Մհերի և Մեծ Մսրա Մելիքի, ապա Սասունցի Դավիթի և Փոքր Մսրա Մելիքի կերպարներում։

«Այդ հակադրությունը հասնում է շատ խիստ կուլմինացիայի, բախման, որից հետո գալիս է մեր վերջին հերոսը, որը խիստ տարբեր էր առաջին երեքից։ Տարբերություններից մեկը հետևյալում է. Փոքր Մհերը չուներ իր հակահերոսը և հակահերոսին գտնում էր իր մեջ։ Այստեղ տեղի է ունենում այդ երկու բաժանված բովանդակությունների միավորումը»,- ընդգծում է հեղինակը։

Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ այս հանգամանքն է, որ «Սասնա ծռեր» էպոսին առանձնահատուկ տեղ է տալիս համաշխարհային առասպելաբանական նյութերի շարքում։ Եթե մարդկային կյանքի առաջին փուլին բնորոշ է գիտակցության և անգիտակցության բաժանումը, ապա հայկական էպոսում արտացոլված է նաև այդ երկու բովանդակությունների հետագա միավորման գործընթացը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment