ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին ևս 2027 թվականի հունվարի 1-ից ընդգրկել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Մինչև 200 հազար դրամ ստացող քաղաքացիների թիվը հանրապետությունում մոտ 350 հազար է։
Նախարարի պարզաբանմամբ՝ առաջին տարում ապահովագրավճարը կսուբսիդավորվի․ ամսական 10800 դրամից 4400 դրամը կվճարի պետությունը՝ որպես սուբսիդիա, 4400 դրամը՝ գործատուն։ Քաղաքացին կվճարի մնացած 2000 դրամը։ Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ առաջարկը քննարկվել է գործատուների հետ, քննարկումները մեծ մասամբ դրական են եղել։
Ավանեսյանի խոսքով՝ փոփոխություն է իրականացվում նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ իրականացնող քաղաքացիների համար։ Նման զբաղվածություն ունեցող քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել վճարել 10800 դրամ ապահովագրավճարը և ընդգրկվել համակարգում։ «Էլեկտրոնային հարթակների շրջանակում մենք նաև որոշակի շեմ ենք դրել․ վարորդը պետք է 2 տարի միացած լինի էլեկտրոնային հարթակին և վերջին տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի չափ շրջանառություն ունենա»,- պարզաբանել է նախարարը։
Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի հարցի՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են ապահովագրել նաև իրենց փոխկապակցված անձանց։
«Նրանք պետք է դիմեն Ապահովագրական հիմնադրամին և վճարեն ամսական ապահովագրավճարը։ 200-500 հազար դրամ ստացող անձինք կարող են ապահովագրել 1 անձի, 500 հազարից ավելի ստացողները՝ 2 անձի։ Փոխկապակցված անձինք են՝ երեխաները, ծնողները, կինը և ամուսինը»,- նշել է նախարարը։
Նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ նոյեմբերի 16-ի նիստում և ստացել դրական եզրակացություն։