Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը հաջող մեկնարկեցին իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքր մրցաշարի սպորտային զույգերի պայքարում։
Կարճ ծրագրում Ակոպովան ու Ռախմանինը հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո, վաստակեցին 66.27 միավոր և հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը։ Փետրվարի 16-ին նրանք հանդես կգան նաև ազատ ծրագրում։
Կարճ ծրագրին մասնակցում են 19 զույգեր, որոնցից 16-ը հնարավորություն կստանան հանդես գալ նաև ազատ ծրագրում։
Փետրվարի 16-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցելույթը կավարտի նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը կմասնակցի ոլորավայրէջքի մրցմանը։ Հսկա ոլորավայրէջքում Հարությունյանը գրավել էր 59-րդ տեղը։
Ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարն արդեն ավարտել են դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը։