ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»

Քաղաքականություն

16.11.2026 | 13:40

ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են երկրի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների հետ և կոչ արել պատրաստվել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտին, գրում է Meduza-ն։

«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունն արվել է նոյեմբերի 13-14-ը Մոսկվայի մարզում՝ «Սենեժ» կառավարման կենտրոնում անցկացված սեմինարի ընթացքում։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Հանդիպման ընթացքում նա առանձնահատուկ ընդգծել է «հատուկ ռազմական գործողության» (ՌԴ-ում այսպես են կոչում Ուկրաինայի դեմ պատերազմը) մասնակիցների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը, հայտնել են պարբերականի աղբյուրները։

«Խոսել են այն մասին, որ բոլորը պետք է պատրաստ լինեն հաղթանակին, երբ մարտական գործողությունների մասնակիցները միաժամանակ վերադառնան «հատուկ ռազմական գործողությունից»»,- ասել է աղբյուրներից մեկը։

Թե կոնկրետ ինչպես պետք է պատգամավորները պատրաստվեն այդ «հաղթանակին», չի մանրամասնվում։

2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի աշխատակազմը նույն՝ Մոսկվայի մարզում գտնվող «Սենեժ» կենտրոնում սեմինար էր կազմակերպել փոխնահանգապետերի համար։ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ սեմինարի ընթացքում քննարկվել էր պատերազմի ավարտից հետո «հաղթանակի կերպարի» պատրաստման  հարցը։

Հավելենք, որ նոյեմբերի 10-11-ն Աբու Դաբիում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները։ Բանակցությունների մանրամասները հրապարակայնորեն չեն մեկնաբանվել, սակայն, ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը դրանց ընթացքում առաջ է քաշել մաքսիմալիստական  պահանջներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին և Մոլդովան դաշնային հանրապետության վերածելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment