Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը

Դեկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Նաիրի համայնքում ընտրապայքարի մեջ է մտել հինգ քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Ապրելու երկիր» և Հայաստանի շնորհապետական կուսակցությունները, ինչպես նաև «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը։

Այս անգամ «Համերաշխություն» դաշինքը ձևավորել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Միասին հանուն համայնքի» կուսակցությունները։ Այսպիսով՝ ի տարբերություն նախկինում ձևավորված ՔՊ-«Գործարար» համագործակցության՝ Նաիրիում ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է այլ քաղաքական ուժի հետ դաշինքով։

Նոր Հաճընում իրավիճակն այլ է։ Այստեղ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Գործարար» և «Միասին հանուն համայնքի» կուսակցությունները։ Ուշագրավ է, որ ՔՊ-ի հետ այլ համայնքներում համագործակցող քաղաքական ուժերն այս անգամ Նոր Հաճընում առանձին ընտրական ցուցակներ են ներկայացրել։ Այսինքն՝ միմյանց «մրցակից» քաղաքական ուժերն այլ համայնքներում հանդես են գալիս որպես դաշնակիցներ։

Նոր Հաճընի համայնքապետը և նրա աշխատակիցները՝ նույն կուսակցության ղեկավար կազմում

Նշենք, որ 2014 թվականին ստեղծված «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը 2026 թվականի սեպտեմբերի 24-ին փոխել է անվանումը՝ դառնալով «Միասին հանուն հայրենիքի»։

Նոր Հաճըն համայնքը դեռ 2009 թվականից ղեկավարում է Գագիկ Մաթևոսյանը։ Այդ տարի նա քաղաքապետ է ընտրվել որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Այժմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշվում է, որ Մաթևոսյանը «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության խորհրդի անդամ է։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին խոշորացված Նոր Հաճըն համայնքի ավագանու ընտրություններում Մաթևոսյանը գլխավորել է իր անունը կրող դաշինքը, որը ձևավորվել էր «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություններից։

Այդ ընտրություններում դաշինքը ստացել էր 5212 ձայն կամ 50.69 տոկոս, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2751 ձայն կամ 26.75 տոկոս։

Նոր Հաճընի գործող համայնքապետը ընտրություններին մասնակցում է կուսակցության ցուցակով։

2026 թվականի սեպտեմբերի 24-ից կուսակցության ղեկավարն է Հովհաննես Պոդոսյանը, որը միաժամանակ զբաղեցնում է Նոր Հաճըն համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնը։ Կուսակցության ղեկավար մարմնի մեկ այլ անդամ՝ Գրիգոր Հալլաբյանը, նույն համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի պետն է։

Հատկանշական է նաև, որ կուսակցության 2025 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ կուսակցությունը որևէ դրամական միջոց չի հայտարարագրել։

Նոր Հաճընում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորում է Գրիգորի Երանոսյանը, իսկ «Գործարար» կուսակցության ցուցակը՝ Վարդան Պապյանը։ Վերջինս ներկայում ևս Նոր Հաճընի ավագանու անդամ է։ Նա ավագանու անդամ էր ընտրվել «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքի ցուցակով։

Նաիրի համայնքի ղեկավարը նախկինում ընտրվել է ՀՀԿ-ի ցուցակով, ապա գլխավորել հնչակյանների ցուցակը

Նաիրի խոշորացված համայնքի գործող ղեկավար Նորայր Սարգսյանը ևս տեղական ինքնակառավարման համակարգում երկարամյա փորձ ունի։

Դեռ 2008 թվականին նա արդեն Եղվարդի գործող քաղաքապետն էր։ 2012 թվականի ընտրություններում Սարգսյանը Եղվարդում առաջադրվել և վերընտրվել է որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու՝ ստանալով 5385 ձայն։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին խոշորացված Նաիրի համայնքի ավագանու ընտրություններում Սարգսյանն արդեն գլխավորում էր «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ընտրական ցուցակը։

Դեկտեմբերի 13-ին նախատեսված ընտրություններում նա կրկին գլխավորում է ընտրական ցուցակ, սակայն այս անգամ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Միասին հանուն համայնքի» (նախկինում՝ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան») կուսակցությունները։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment