Բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման. տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման։
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 𝟐𝟔.𝟏-ին հոդվածի 𝟑-րդ մասի համաձայն՝ «Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման»։
Միաժամանակ, նույն հոդվածի 𝟏-ին մասի համաձայն՝ գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են բացառապես «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։
Գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանված են ՀՀ կառավարության 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ի թիվ 𝟐𝟎𝟏𝟏-Ն որոշմամբ։ Նշված որոշման հավելվածի 𝟐𝟐-րդ կետի համաձայն՝ գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ՝
- լեգիրացված (համաձուլված) պողպատից պատրաստված 𝟏-ին տիպի գազաբալոնների համար՝ 𝟑 տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, իսկ դրա բացակայության դեպքում՝ 𝟐 տարին մեկ անգամ,
- ածխածնային պողպատից պատրաստված 𝟏-ին տիպի, 𝟐-𝟒-րդ տիպերի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար՝ 𝟐 տարին մեկ անգամ։
- Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը ներառում է դրանց տեխնիկական վիճակի ստուգում, համապատասխան փորձարկումների իրականացում, ինչպես նաև գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում։
Հարկ է ընդգծել, որ սահմանված ժամկետներում գազաբալոնների պարբերական վկայագրում չիրականացնելը կարող է վտանգել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը՝ հնարավոր վտանգ ստեղծելով ինչպես վարորդի և ուղևորների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հետևել գազաբալոնների հերթական վկայագրման ժամկետներին և ժամանակին իրականացնել պարտադիր վկայագրումը՝ օգտվելով բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտների ծառայություններից։
Գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկը հրապարակված է լիազոր մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://api.mtad.am/…/14_12-43-sc1065-6aa7b3bdc7337.pdf»,- հայտնել են ընկերությունից: