Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը պաշտոնանկությունից մի քանի օր անց քննարկում է ընկերության ղեկավարի պաշտոնում վերականգնվելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT)՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրում է DW-ն։

Պարբերականի տվյալներով՝ Հուանգի կողմնակիցներից մեկը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներից կազմված «շտաբ» է ձևավորում՝ Nvidia-ի տնօրենների խորհրդին համոզելու նրան վերականգնել պաշտոնում և այդ նախաձեռնության համար Սպիտակ տան աջակցությունը ստանալու նպատակով։ FT-ի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ անձամբ Հուանգը սատարում է այդ ջանքերին։

Հուանգի հեռացումից հետո ԱՄՆ-ում նրա աջակցության հանրային արշավ է սկսվել։ Նրան պաշտոնում վերականգնելու պահանջով բաց նամակին միացել են Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, ինչպես նաև Epic Games-ի ղեկավար Թիմ Սուինին։ FT-ի տվյալներով՝ Հուանգի վերադարձին կողմ է արտահայտվել նաև Nvidia-ի աշխատակիցների մի մասը։

Այնուամենայնիվ, FT-ն գրում է, որ Հուանգի հնարավոր վերանշանակումը կարող է հանդիպել Վաշինգտոնի դիմադրությանը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ էր արել Nvidia-ի ղեկավար կազմում «արմատական փոփոխություններ» իրականացնել Հուանգի հեռանալուց հետո։ Բացի այդ, նրան կանչել են ցուցմունք տալու ԱՄՆ Կոնգրեսում։

Պարբերականի տվյալներով՝ ընկերության նախաձեռնած՝ նրա պաշտոնանկությանը հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննությունը շարունակվում է։ Ներկայում Nvidia-ի տնօրենների խորհուրդը և ընկերության ժամանակավոր գլխավոր տնօրեն Քոլեթ Քրեսը փորձում են կայունացնել ընկերության վիճակը՝ մինչև նոյեմբերի 17-ին եռամսյակային ֆինանսական ցուցանիշների հրապարակումը։

Արհեստական բանականության համար չիպեր արտադրող ամերիկյան խոշորագույն ընկերության՝ Nvidia-ի հիմնադիրն ու երկարամյա ղեկավարը հրաժարական էր տվել զբաղեցրած բոլոր պաշտոններից անձնական կյանքի շուրջ ծագած սկանդալի պատճառով։ Սկանդալի առիթ են դարձել Հուանգի՝ սինգապուրյան Megaspeed ընկերության ղեկավարներից մեկի հետ ենթադրյալ արտամուսնական կապի մասին լրատվամիջոցների հրապարակումները։

Մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Չինաստանի քաղաքացի կնոջ մասին է, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են չինական հետախուզության հետ կապեր ունենալու մեջ։ Ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են կնոջը՝ կարծելով, որ նրան հավաքագրել է Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը։ Շուրջ մեկ տարի առաջ նրա նկատմամբ հետախուզման մասին տեղեկացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ավելի ուշ հայտնի էր  դարձել նաև Հուանգի ենթադրյալ մեկ այլ սիրային կապի մասին՝ Nvidia-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկի հետ։

63-ամյա Հուանգը համարվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանցքային դեմքերից մեկը։ Nvidia ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ արհեստական բանականության ոլորտում համարվում է համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկը։ Ընկերության արտադրած չիպերն օգտագործվում են ժամանակակից ԱԲ մոդելների ուսուցման և աշխատանքի, սուպերհամակարգիչների ստեղծման, ամպային տեխնոլոգիաների զարգացման և տվյալների մեծ ծավալների մշակման համար։

Nvidia-ն առանցքային դեր ունի արհեստական բանականության ոլորտում Վաշինգտոնի և Պեկինի միջև առաջնորդության համար ծավալվող մրցակցության մեջ։ Մասնավորապես, Սպիտակ տունը Չինաստանի՝ ԱՄՆ-ում արտադրված չիպերին հասանելիություն ունենալը համարում է ազգային անվտանգության հարց և դրա արտահանման սահմանափակումներ է սահմանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment