Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված շարժակազմերն այսօր դուրս կգան գիծ, ասել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենի մեկ՝ երեք վագոնից բաղկացած շարժակազմի ընթացիկ վերանորոգումն ավարտվել է, և այն այսօր դուրս կգա գիծ։ Եվս մեկ երեք վագոնանոց շարժակազմի ընթացիկ վերանորոգումը նախատեսվում է ավարտել 15 օրից, հայտնել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Սեդրակյանի խոսքով՝ շարժակազմերը ընթացիկ վերանորոգման են ուղարկվում յուրաքանչյուր 300 հազար կիլոմետր վազքից հետո։ Նրա խոսքով՝ այս դեպքում ևս շարժակազմը ժամանակավորապես դուրս է բերվել գծից՝ նախատեսված վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։
Նա հայտնել է, որ կառավարության ֆինանսավորման շրջանակում կանխավճար է տրամադրվել ևս 3 միջանկյալ վագոնների վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
«Նշված աշխատանքների վերանորոգման մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին արդեն ուղարկվել է ֆինանսավորման վերաբերյալ համապատասխան ծանուցում։ Բացի այդ, հայտարարվել է ևս 8 միջանկյալ վագոնների վերանորոգման մրցույթ, որի հայտերի բացումը նախատեսված է դեկտեմբերի 4-ին», – ասել է Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա հայտնել է, որ այս 8 վագոնները շուրջ 20 տարի շահագործումից դուրս են, և դրանց վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մետրոպոլիտենի ներկայումս գործող 9 երկու վագոնանոց շարժակազմերը կդառնան երեք վագոնանոց։
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է՝ ինչն է խանգարում մետրոպոլիտենի գնացքների միջև ժամանակային միջակայքը ներկայիս 4-5 րոպեից կրճատել մինչև 2 րոպե 45 վայրկյան։
Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ավելացնել շարժակազմերի քանակը։ Նրա խոսքով` այս պահին մետրոպոլիտենն ունի 9 երկու վագոնանոց, 4 երեք վագոնանոց և 2 մեկ վագոնանոց շարժակազմ։
Սեդրակյանը նշել է, որ շարժակազմերի վերադարձը գծում կբարելավի մետրոպոլիտենում ներկայիս իրավիճակը։
«Այսինքն՝ որոշ չափով վերջին 1-2 շաբաթվա լարվածությունը կթուլանա», – հավելել է Ավինյանը։