«Մարդկային տկարության ակունքում հպարտությունն է և թերահավատությունը». Տեր Եղիշե

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին նախօրիեն իր կամարների ներքո էր համախմբել Արագածոտնի թեմի քահանայից դասին և բարեպաշտ ժողովրդին՝ ավանդույթ դարձած միասնական ժամերգությանը: Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցել է Մուղնու հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:

Իր քարոզում Տեր Հայրը խոսել է մարդկային տկարությունների և հիվանդությունների մասին։ Նա նշել է, որ դրանք մարդկության մեղքի և հավատքի նվազման հետևանք են։

«Մարդկային տկարության ակունքում հպարտությունն է և թերահավատությունը։ Լուծումը մեր Սուրբ Եկեղեցին տվել է իր սրբագործված կարգերով, որոնք հիմնված են մարդու հավատքի վրա»,- ասել է Տեր Հայրը։

Եղիշե քահանա Բարսեղյանը կարևորել է աղոթքը՝ թե՛ սեփական, թե՛ մերձավորի համար։ Նրա խոսքով, գագաթնակետը Սուրբ Պատարագն է, երբ հաղորդվում ենք մեր Տիրոջ Մարմնին և Արյանը։

Քարոզի ավարտին Տեր Հայրը հորդորել է աղոթել մեր Եկեղեցու, Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։

Արագածոտնի թեմից հայտնում են, որ հաջորդ միասնական ժամերգությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, թեմի Առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Leave a comment