Microsoft-ը հայտարարել է խափանումից հետո իր սերվերների աշխատանքի վերականգնման մասին

Microsoft-ը տեղեկացրել է Teams, Outlook, Copilot և սպառողական այլ ծառայությունների աշխատանքի ամբողջական վերականգնման մասին՝ ավելի քան 24 ժամ տևած լայնածավալ խափանումից հետո։

Հաջողվել է ամբողջությամբ վերականգնել Teams, Outlook, Copilot և սպառողների համար նախատեսված մյուս հավելվածների բնականոն գործունեությունը։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ծառայությունների աշխատանքը խաթարված է եղել ավելի քան մեկ օր, գրում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ ընկերությունից զգուշացրել են, որ Microsoft 365-ի կորպորատիվ ծառայությունների վերականգնման գործընթացը դեռևս ամբողջությամբ չի ավարտվել։ Մասնագետները շարունակում են վերահսկել համակարգերի աշխատանքը՝ համոզվելու համար, որ բոլոր խնդիրները վերացված են։ Մասնավորապես, նախքան կորպորատիվ ծառայությունների խափանումը վերջնականապես հաղթահարված համարելը, ընկերությունը հետևել է անսարքության ընթացքում կուտակված էլեկտրոնային հաղորդագրությունների հերթի մշակմանը։

«Հաշվի առնելով այս միջադեպի հետևանքների լրջությունը՝ մենք կշարունակենք մշտադիտարկումն ավելի երկար ժամանակահատվածում՝ համոզվելու համար, որ անսարքությունները վերացնելու լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն չկա»,– նշվել է Microsoft-ի տարածած հաղորդագրության մեջ։

Microsoft-ը նաև պարզաբանել է, որ ծառայությունների աշխատանքի խափանումը պայմանավորված չի եղել ո՛չ կիբերհարձակմամբ, ո՛չ էլ արհեստական բանականության համակարգերի անսարքությամբ։

Ընկերության ներկայացմամբ՝ տեղի ունեցածը տեխնիկական բնույթի խնդիր է եղել, որն առաջացել է ցանցային ենթակառուցվածքների հետ կապված նախկինում թույլ տրված սխալի հետևանքով։ Մասնավորապես, ցանցի թողունակության մեծացման ընթացքում կատարված սխալն ի հայտ է եկել ենթակառուցվածքներում վերջերս իրականացված փոփոխություններից հետո։

Microsoft-ից ընդգծել են, որ ծառայությունների վերականգնումն իրականացվել է փուլային եղանակով՝ համակարգերի կայուն աշխատանքն ապահովելու նպատակով։ Թեև նման մոտեցումն ավելի երկար ժամանակ է պահանջել, այն հնարավորություն է տվել նվազեցնել նոր անսարքությունների առաջացման հավանականությունը և ապահովել վերականգնման գործընթացի հուսալիությունը։

Ընկերությունը նաև խոստացել է հետաքննության ավարտից հետո հրապարակել միջադեպի հանգամանքների և պատճառների վերաբերյալ ամբողջական վերլուծական հաշվետվություն։

Microsoft-ի ծառայությունների լայնածավալ խափանումը սկսվել է նոյեմբերի 12-ին և ընդգրկել աշխարհի տարբեր երկրներ։ Խնդիրներն ազդել են ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ մասնավոր ընկերությունների և պետական կառույցների աշխատանքի վրա։

Անսարքությունները մասնավորապես խաթարել են Outlook-ի և Teams-ի գործունեությունը։ Դրանք Microsoft-ի ամենատարածված աշխատանքային հավելվածներից են, որոնցից մասնագիտական նպատակներով օգտվում են հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Խափանումների վերաբերյալ հաղորդումները գրանցող Downdetector հարթակի տվյալներով՝ ամբողջ աշխարհից ստացվել է ավելի քան 7․4 միլիոն ահազանգ՝ Microsoft-ի ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։

Leave a comment