ՀՀ-ն և ՌԴ-ն մշակութային համագործակցության եռամյա ծրագիր են ստորագրել (PAN.am)

Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2027–2029 թվականների մշակութային համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է համատեղ նախաձեռնությունների իրականացում և մշակութային կապերի ամրապնդում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Բորիսովնա Լյուբիմովայի հետ։ Պաշտոնական հանդիպման կարևոր արդյունքներից է դարձել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2027–2029 թվականների մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի» ստորագրումը։

Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները վերահաստատել են, որ ընդունված ծրագիրը հնարավորություն կտա առավել ամուր հիմքերի վրա դնել մշակութային ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կնպաստի համատեղ ծրագրերի համակարգված իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների մշակութային կազմակերպությունների և հաստատությունների միջև մասնագիտական կապերի ընդլայնմանը։

Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել մշակութային հաստատությունների անմիջական փոխգործակցության ակտիվացմանը։ Նրանք կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը, մասնագետների և ստեղծագործական խմբերի փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ որպես երկարաժամկետ համագործակցության զարգացման արդյունավետ միջոցներ։

Քննարկման ընթացքում, մասնավորապես, առաջարկ է ներկայացվել կազմակերպելու պատմական, հնագիտական և գեղարվեստական արժեքների համատեղ ցուցահանդեսներ։ Նախատեսվող ցուցադրությունների միջոցով հնարավոր կլինի առավել լայն հանրությանը ներկայացնել Հայաստանի և Ռուսաստանի մշակութային ժառանգությունը, արվեստն ու պատմական արժեքները։

Երկու երկրների մշակույթի նախարարներն անդրադարձել են նաև 2027 թվականին նախատեսված կարևոր մշակութային իրադարձություններից մեկին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառումների նախապատրաստմանն առնչվող հարցեր։

Ժաննա Անդրեասյանը պաշտոնապես հրավիրել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային այցելելու Երևան և մասնակցելու թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Հայաստանի նախարարը շեշտել է, որ ռուս գործընկերոջ ներկայությունը հատուկ կարևորություն կհաղորդի հոբելյանական տոնակատարություններին և լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռուսական մշակութային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար։

Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին, որոնք անցկացվում են նոյեմբերի 9-16-ը։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային օրերի ընթացքում նախատեսված միջոցառումները կարող են հետաքրքիր և հեռանկարային հնարավորություններ ստեղծել հայ-ռուսական մշակութային փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է երկու պետությունների մշակութային ներուժի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև համագործակցության նոր նախաձեռնությունների մշակման և իրականացման անհրաժեշտությունը։

Leave a comment