Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում

Քաղաքականություն

14.11.2026 | 13:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին՝ հինգշաբթի օրը, կհանդիպեն Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տարեկան համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը։

Նրա խոսքով՝ երեք երկրների ղեկավարների պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման միջուկային սպառազինությունների վերահսկման համապարփակ համաձայնագրի մշակումը կլինի։

«Մենք չենք ակնկալում, որ որևէ համաձայնագիր կկնքվի։ Ես սա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, որպես առաջին զրույց՝ առնվազն այս երկրների ղեկավարների մակարդակով»,- CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

The New York Post-ը, հղում անելով Թրամփի վարչակազմի ներկայացուցչին, գրում է, որ քննարկումները կարող են վերաբերել նաև ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակին։

Միևնույն ժամանակ, մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ քիչ հավանական է, որ հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկեն Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը։

«Չինաստանն այս գործընթացի մասնակիցը չէ, ուստի այստեղ Ուկրաինայի հարցը քննարկելը տեղին չէր լինի»,- պարզաբանել է պարբերականի զրուցակիցը։

Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպում նախատեսված չէ։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment